14 նոյեմբերի 2014 - 12:24 AMT
Թոմաս դը Վաալ. Ուղղաթիռի խոցումը զուրկ էր ռազմական տրամաբանությունից

Ղարաբաղյան հակամարտության գոտում կողմերի զինված ուժերի շփման գծում հայկական ուղղաթիռի խոցումը ամենալուրջ միջադեպն է հրադադարի մասին համաձայնագրի կնքումից ավելի քան 20 տարվա ընթացքում:

Այդ մասին BBC-ում հրապարակված «Հայաստանը և Ադրբեջանը նոր պատերազմի եզրին են» հոդվածում գրում է Հանուն միջազգային խաղաղության Քարնեգիի հիմնադրամի ավագ աշխատակից Թոմաս դը Վաալը:

Փորձագետը մասնավորապես նշում է, որ ուղղաթիռի խոցումը զուրկ էր ռազմական տրամաբանությունից: «Տեղում զորքերի հրամանատարը կարող է պատասխանատու լինել հրաձգային զենքի կիրառման համար, սակայն ավելի ծանր զինտեխնիկա օգտագործելու մասին որոշումը կայացնում է քաղաքական ղեկավարությունը: Այս գրոհը կարելի է դիտարկել որպես ուժի ցուցադրում»,-ասել է նա:

Ըստ նրա, 1991-94 թթ. ղարաբաղյան պատերազմում պարտված ադրբեջանական կողմը մեծ հիմքեր ունի «անկայուն հրադադար» պահպանելու համար. այդպես Բաքուն «փորձում է հիշեցնել աշխարհին, որ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը Հայաստանի հսկողության տակ է գտնվում»,-գրում է նա:

Փորձագետը նշել է, որ բռնության նոր բռնկումը հիշեցում է, որ կողմերին միշտ մի քայլ է բաժանում նոր պատերազմից և միայն սեփական շահերի իրենց գնահատումը կոնկրետ իրավիճակում դեռևս զերծ է պահում նրանց այդ վերջին քայլից: Եվ հիմա կա հայկական կողմի պատասխան հարվածի վտանգը. Երևանն արդեն սպառնացել է, որ պատասխանը «ցավոտ է լինելու»:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամներից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն, ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին: