14 նոյեմբերի 2014 - 16:23 AMT
ԵԽ անդամն առաջարկում է հատուկ հանձնաժողով ստեղծել ԼՂՀ խոցված ուղղաթիռի միջադեպը հետաքննելու համար

Եվրախորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության և Եվրոպացի ժողովրդավարների խմբակցության անդամ, Կիպրոսի պատվիրակության ղեկավար Էլենի Թեոհարիուսը դատապարտել է Ադրբեջանի կողմից ԼՂՀ ՌՕՈւ ուղղաթիռի խոցումը և առաջարկել է հատուկ առաքելություն ստեղծել միջադեպը հետաքննելու նպատակով:

Ըստ Armenia Today-ի, Թեոհարիուսը հայտնել է նաև, որ նամակ է հղել ԵՄ պաշտոնյաներին կոնկրետ առաջարկով: «Ես արդեն նամակ եմ ուղարկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին և մյուս հանձնակատարներին՝ շարադրելով միջադեպի փաստերը: Բացի այդ, ես առաջարկել եմ ԵՄ-ին հատուկ առաքելություն գործուղել տեղում միջադեպի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով: Այս պահի դրությամբ արդեն իսկ ակնհայտ է, որ Ադրբեջանի կառավարությունը խախտել է հրադադարն և, ամենայն հավանականությամբ, 3 անմեղ մարդ է զոհվել: ԵՄ-ն պետք է դատապարտի այդ գործողություններն ու սատարի խնդրի լուծմանն ինքնորոշման իրավունքի հիման վրա»,-ասվում է Եվրախորհրդարանի պատգամավորի հայտարարության մեջ:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամներից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն, ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին:Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: