17 նոյեմբերի 2014 - 15:38 AMT
Մոնրեալում մոտ 150.000 կանադական դոլար է հավաքագրվել Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համար

Մոնրեալում նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպնության 100-րդ տարելիցի միջոցառումների համար նախատեսված անդրանիկ հանգանակությունը: Հանգանակությանը մասնակցել է մոտ 400 հոգի և հավաքագրվել է մոտ 150 000 կանադական դոլար:

Հանգանակությունն անցել է Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի հովանավորությամբ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Իր ելույթում դեսպանը մասնավորապես շեշտել է, որ ցեղասպանական դրսևորումները դեռ շարունակվում են, ինչի անժխտելի ապացույցն է վերջերս Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ու թանգարանի պայթեցումը «Իսլամական պետության» գրոհայինների կողմից:

Սեպտեմբերին պայթեցվեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին, կից գործող թանգարանն ու համալիրը: Սրբոց Նահատակաց մատուռը կառուցվել է Դեր Զորի նախկին Սբ Հռիփսիմե եկեղեցու և Ազգային վարժարանի տեղում։ Հիմնարկեքը կատարվել է 1985-ի մայիսի 12-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին 2-րդի ձեռամբ: Շինարարական աշխատանքները ավարտվել են 1990-ի նոյեմբերին: Այն ամբողջանում է Սրբոց Նահատակաց հուշահամալիրով։ Սրբոց Նահատակաց մատուռի ներքնահարկում են գտնվում Խաչելության, Նահատակության և Եղեռնի սրահները։ Այստեղ ամփոփվում են նաև Դեր Զորի անապատներում մարտիրոսացած Մեծ եղեռնի զոհերի մասունքները։

Սա Սիրիայում քրիստոնեական արժեքների ու հաստատությունների ոչնչացման միակ դեպքը չէ: 2013-ի սեպտեմբերին ԻՊ գրոհայինները հրկիզեցին Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։ Հրկիզված եկեղեցին գրեթե մոխրացել էր, էապես վնասվել էր նաև եկեղեցու հարակից Մեսրոպյան վարժարանը: Սուրբ Գևորգը կառուցվել էր Ցեղասպանությունը վերապրած և Հալեպում հաստատված հայրերի նախաձեռնությամբ և ուժերով։

Միջոցառմանը ներկա է եղել նաև «Կալիֆոնիա քուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, հայտնի հրապարակախոս Հարութ Սասունյանը, ով մանրամասն զեկույց է ներկայացրել Մեծ Եղեռնի հետևանքների վերացման վերաբերյալ:

2015-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ կանցնեն ամբողջ աշխարհում:

Հոկտեմբերի սկզբին Փարիզի Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն վավերացրել է 2015-ին Փարիզում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի, տեղեկատվական և ժխտողականության դեմ ուղղված միջոցառումներ իրականացնելու մասին քաղաքապետարանի ուղերձը:

Փարիզի քաղաքապետարանի ցուցասրահում 2015-ի առաջին կեսին Հայոց ցեղասպանությանը նվիրված մեծ ցուցահանդես կկայանա, որի առթիվ Փարիզ պետք է տեղափոխվեն Երևանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուները:

Ազգային կրթության գերատեսչության հետ գործակցությամբ պետք է կազմակերպվեն ուսումնադաստիարակչական աշխատանքներ՝ Փարիզի հանրակրթական հաստատություններում, Հայոց ցղասպանության, Ցեղասպանությունից մազապուրծ հայ համայնքի պատմության մասին, որպեսզի խրախուսվի Փարիզի և հատկապես 9-րդ թաղամասի պատմության անբաժանելի մասի նկատմամբ հետաքրքրությունը:

2015-ի ապրիլի 24-ի կղողանջեն Գերմանիայի բոլոր եկեղեցիների զանգերը:

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին Ֆրեզնոյում (Կալիֆորնիա), հաղորդում է Asbarez-ը: Ճարտարապետական բետոնից ու տուֆից կառուցվող հուշարձանը կներկայացնի հայ ժողովրդի մշակութային խորհրդանիշները: Դրա հիմնական բաղադրիչներն ունենալու են շրջանաձև դասավորվածություն և դրվելու են որոշակի թեքությամբ` դեպի ներս, ինչը կհիշեցնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցվածքը: Ինը սյուները խորհրդանշելու են պատմական Հայաստանի վեց շրջանները, Կիլիկիան, Սփյուռքը և Հայաստանի Հանրապետությյունը: Վերևից սյուներն իրար կմիացնի թերի շրջանը` որպես ապացույց, որ թեև Հայոց ցեղասպանությունն անջնջելի սպի է թողել, հայ ժողովրդի միասնությունը չի խաթարվել: Հուշարձանի օծման արարողությունը նախատեսվում է անցկացնել 2015-ի ապրիլի 24-ին:

Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսներ կբացվեն Հունաստանի, Կիպրոսի և այլ երկրների խորհրդարաններում: