Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը Ռուսաստանի մայրաքաղաքում Թուրքիայի դեսպանատան վրա կրակ բացած Արթուր Միրզոյանի կալանավորման ժամկետը երկարաձգել է մինչև դեկտեմբերի 17-ը: Այս մասին հայտնել է փաստաբան Գեորգի Շատվորյանը:
«Այսօր դատարանը մեկ ամսով երկարաձգել է Միրզոյանի կալանքը: Սպասվում է, որ դեկտեմբերին քննությունը կավարտվի», - ասել է փաստաբանը, հաղորդում է «Մոսկվա» գործակալությունը:
Օգոստոսի 18-ի առավոտյան Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակ են բացել: Ինչպես պարզվել է, կրակողը հայ ներգաղթյալ է` 43-ամյա Արթուր Միրզոյանը, իսկ թիրախում Թուրքիայի Հանրապետության զինանշանն է եղել: «Դոբրի լես» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Միրզոյանի` որսորդական զենքից արձակված երկու կրակոցները դիպել են թիրախին, սակայն տղամարդուն չի հաջողվել թաքնվել: Կրակոցների ձայներին արձագանքել է կարևոր ադմինիստրատիվ շենքերը հսկող ոստիկանությունն ու տեսախցիկներով պարզել, թե որտեղ է նա ու ձերբակալել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրա նկատմամբ «խուլիգանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել:
«Ինձ համարում եմ մեղավոր, ցանկանում եմ վճարել 500 հազար ռուբլի տուգանք, երկրից չեմ հեռանա քննչական միջոցառումների անցկացման շրջանում»,-հայտարարել է Միրզոյանը:
Ավելի ուշ Արթուր Միրզոյանի հարազատներից մեկը լրատվականներին ասել էր, թե նա իր արարքով ագրեսիայի կոչ չի արել։
«Նա տասը տարուց ավելի ապրում է Ռուսաստանում և Ռուսաստանի քաղաքացի է։ Ինքը շատ դաստիարակված, ադեկվատ անձնավորություն է, և ագրեսիվ վարք ցուցաբերելու, ինչ-որ մեկին վնասելու բացարձակ մտադրություն չի ունեցել, ինչը վկայում է իր չփախնելը»,-ասել է նա։
Արթուր Միրզոյանը նախաքննության ժամանակ նշել է, որ ինքն անձնական խնդիր չի ունեցել, պարզապես իր այդ արարքով փորձել է իր բողոքն արտահայտել ու իր արարքի համար պատրաստ է պատասխան տալ։ «Երևի թե իր արարքը ռուս-թուրքական հարաբերությունների իմաստով պրովոկացիա է ընկալվել, սակայն բացարձակ այդպես չէ։ Նա իր արարքով թուրքական կառավարությանը կոչ է արել, որ եթե ես պատրաստ եմ օրենքի առաջ պատասխան տալ, թող թուրքական կառավարությունն էլ՝ առանց որևէ պատերազմի, հակամարտությունների պատասխան տա օրենքի առաջ»,- ասել է նա։