18 նոյեմբերի 2014 - 10:46 AMT
Իրանի նախարար. Երկու ՀԷԿ-ի կառուցումն Արաքսի վրա շուտով կմեկնարկի

Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը հայտարարել է, որ Թեհրանն ու Երևանը ավարտել են ՀԷԿ-ի շինարարության մասին համաձայնագրի շուրջ աշխատանքը:

Իրանի էներգետիկայի նախարարը նշել է, որ Հայաստանում ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը համաձայնեցվել է, և էլեկտրակայանների ու ջրային օբյեկտների շինարարությամբ զբաղվող իրանական ընկերությունները շուտով կսկսեն Հայաստանում կայանի կառուցումը: Չիթչիանը նշել է, որ իրանական ընկերություններն ակտիվորեն աշխատում են աշխարհի 41 երկրում:

«Փոխըմբռնման հուշագիրը Հայաստանում ՀԷԿ-ի կառուցման մասին արդեն պատրաստ է, իրանական ընկերությունները մոտ ապագայում ձեռնամուխ կլինեն շինարարական աշխատանքներին»,-հայտարարել է Չիթչիանն Իրանում հայ պաշտոնակից Երվանդ Զախարյանի հետ հանդիպման ավարտին:

Հանդիպմանը Չիթչիանը նշել է, որ կողմերը քննարկել են նաև էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման հարցը, որը կկապի Իրանը Հայաստանին, և նշել է երկու երկրների գործակցության բարձր մակարդակն էներգետիկ ոլորտում: Երվանդ Զախարյնն իր հերթին հույս է հայտնել, որ նախագծերի իրականացումը շուտով կմեկնարկի, գրում է Asbarez-ը:

Երևանն ու Թեհրանը մտադիր են մի շարք նախագծեր իրականացնել, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում: Նախագծերից մեկը Մեղրիի մոտ Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումն է: 2007 թվականի մարտի 19-ին Հայաստանի և Իրանի կառավարությունները համաձայնագիր են կնքել Մեղրիում և Ղարաչիլարում ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ: Նախագծի շրջանակում նախատեսվում է սահմանային Արաքս գետի վրա կառուցել երկու ՀԷԿ:2012 թ. նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը 130 ՄՎտ հզորությամբ: Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կկազմի մոտ 800 մլն կՎտ ժամում տարեկան, նախագծի արժեքը մոտ 323 մլն դոլար է:Մեղրիի ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան կփոխանցվի Իրանին, իսկ 15 տարի անց ՀԷԿ անհատույց կանցնի հայկական կողմին:

Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը կապված են 220 կՎտ հզորությամբ երկու ԷՀԳ-ներով: Երրորդ ԷՀԳ կառուցման վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է դեռ 2004 թ., սակայն շինարարությունը ֆինանսավորման բացակայության պատճառով միշտ հետաձգվել է:Իրանից գազը առաքվում է Երևանի ՋԷԿ և վերամշակվում է էլեկտրաէներգիայի: Հայաստանը հատուցում է գազի դիամց էլեկտրաէներգիայով 3 կՎտ մեկ խմ դիմաց հաշվարկով: Ըստ Հուշանգ Ֆելլահաթիանի, առաջիկա 2-3 ամիսներին բոլոր խոչընդոտները պետք է վերացվեն, և կհայտնվի նոր ԷՀԳ կառուցման հնարավորություն, ինչը թույլ կտա ավելացնել իրանական գազի փոխանակման ծավալը Հայաստանից ստացվող էլեկտրաէներգիայի դիմաց:

Photo: Fars