18 նոյեմբերի 2014 - 13:40 AMT
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի կառուցումը հերթական անգամ խափանվել է

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի շինարարությունը դադարեցվել է:

Ինչպես հայտնում է Haqqin.az-ը թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի կառուցման մրցույթում հաղթած ընկերությունը պարտավորվել էր կատարել նախագծով սահմանված 110 մլն մանաթի (մոտ 140 մլն դոլար) բոլոր աշխատանքները: Սակայն ընկերությունն այդպես էլ չկատարեց աշխատանքների ամբողջ ծավալը: Լրացուցիչ ծախսերով նախագծի համար անհրաժեշտ գումարը հասավ 165 մլն մանաթի (մոտ 2010 մլն դոլար): Այնուամենայնիվ, շինարարական աշխատանքներն այդպես էլ չկատարվեցին:

2012-ին երկաթուղու թուրքական հատվածի կառուցման կապալառու դարձան երկու այլ ընկերություններ: Հայտարարվեց, որ շինարարությունն ավարտին հասցնելու համար հարկավոր է սկզբնական հաշվարկները 12 անգամ գերազանցող գումար: Թուրքիայի կառավարությունը խզեց պայմանագրերն այդ ընկերությունների հետ: Այսօրվա դրությամբ երկաթուղու թուրքական հատվածի կառուցման համար ներդրվել է արդեն մոտ 204 մլն մանաթ և կատարվել է աշխատանքների նախատեսված ծավալի ընդամենը 39 տոկոսը:

Թուրքիայի տրանսպորտի նախարարության հաշվարկներով, աշխատանքներն ավարտին հասցնելու համար հարկավոր է ևս մոտավորապես 200 մլն մանաթ՝ մոտ 255 մլն դոլար: Նախագիծը պատրաստի այլընտրանք ունի՝ Գյումրի-Կարս երկաթուղին, որը կապում է Հայաստանն ու Թուրքիան, սակայն չի գործում թուրքական կողմից իրագործվող շրջափակման պատճառով: Հայ-թուրքական հաշտեցման փորձը «ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում նույնիսկ կասեցրեց մի քանի տարով ԲԹԿ իրականացումը, քանի որ Գյումրի-Կարսի ապաշրջափակման դեպքում, բոլոր աշխատանքներն անիմաստ էին դառնում: Ավելի վաղ հայտարարվեց, որ նախագծի 8 տարվա գոյության ընթացքում ծախսվել է 2,8 մլրդ դոլար նախատեսված 422 մլն դոլարի փոխարեն, իսկ աշխատանքները կատարվել են 31 տոկոսով:

Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը տրանսպորտային միջանցք է, որը կմիացնի Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի երկաթուղային ցանցերը: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2014 թվականի վերջում, կամ 2015-ին: Այն մեկնարկել է 2007թ.:Սկզբնական արժեքը գնահատվել է 422 մլն դոլար, որից 220 մլն պետք է ուղղվեր վրացական հատվածի կառուցմանը, 220 մլն՝ թուրքական, սակայն հետագայում այն վերանայվեց: 2008թ. նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում էր 600 մլն դոլար: Ծախսերը հավասարապես ստանձնեցին Ադրբեջանը, Վրաստանին վարկ տրամադրելով, ու Թուրքիան:

Նախատեսվում է նաև երկաթուղու կառուցում Կարսից մինչև Նախիջևան: Տնտեսականից բացի ակնհյատ է նաև նախագծի քաղաքական բաղադրիչը: Այն շահավետ չէ Իրանին և նպաստում է Հայաստանի տրանսպորտային մեկուսացմանը, բայց ձեռնատու է Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային: Հետագայում, ենթադրվում է, որ Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս նախագիծը կդառնա Եվրոպա-Կովկաս-Ասիա արագընթաց միջանցքի մասը: Նախատեսվում է, որ հեռանկարում, երբ իրականություն կդառնա Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս նախագիծը, այդ երկաթուղային հատվածը Եվրոպա-Կովկաս-Ասիա արագընթաց տրանսպորտային միջանցքի մաս կկազմի:

Ընթերցեք նաև. Անավարտ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով «առաջին վագոնների» փորձնական գործարկման նոր ժամկետ է նշանակվել

photo: oilfund.az