22 հունիսի 2006 - 14:43 AMT
Հայաստանը շարունակում է օգնել Ցեղասպանությունը կանխարգելող միջազգային մեխանիզմների կայացմանը
Գլոբալիզացիան եւ էլեկտրոնային միջոցները բարձարցնում են տեղեկացվածության մակարդակը եւ ավելացնում են պատասխանատվությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ժնեւում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի առաջին նիստի բացմանը: «Հարեւանի հյուրասենյակը նույնքան մոտ է, որքան քո սեփականը: Հարեւան սենյակից աղմուկ լսել եւ չմիջամտել նույնքան դժվար է, որքան չնկատել աղմուկը սեփական տանը: Մենք այն սերունդն ենք, որ կարող ենք միավորել ժամանակը, ունակություները եւ ռեսուրսները նոր եւ գործուն միջազգային համակարգ ստեղծելու համար, որը հանդես կգա ոչ միայն որպես բարոյական հեղինակություն, այլ նաեւ որպես թույլերի պաշտպան»,-նշել է նա: Վ.Օսկանյանն ընդգծել է, որ Հայաստանը օժանդակել է եւ շարունակում է օգնել միջազգային մեխանիզմների կայացմանը, որոնք կոչված են կանխելու եւ արմատախիլ անելու Ցեղասպանությունը եւ նրա պատճառները: «Այդ պատճառները ենթադրում են ոչ միայն իր պատմական հայրենիքում ապրող ժողովրդի «զտում», այլ նաեւ նման փաստերը մարդկության հիշողությունից ջնջելու հաջող փորձերը»,-ասել է Հայաստանի արտգործնախարարը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: