18 նոյեմբերի 2014 - 15:46 AMT
Բաքուն սպառնում է չվերադարձնել զոհված օդաչուների դիերը, Երևանը` հիշեցնում Ժնևի կոնվենցիայի մասին

Բաքվում ակնարկել են, որ Ադրբեջանը կվերադարձնի Մի-24 հայկական ուղղաթիռի խոցման հետևանքով զոհված օդաչուների մարմինները, եթե հարկ համարի:

Ւնչպես հայտնում է Salamnews-ը, նման հայտարարություն է արել Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադիղովը: «Կողմերից ոչ մեկին չի հաջողվել տեղափոխել դիերը: Ադրբեջանը միակ երկիրն է, որը լիազորություններ ունի այդ հարցում: Եթե Ադրբեջանը հարկ համարի, թույլ կտա դուրս բերել դիերը, հարկ չի համարի, թույլ չի տա»,-հայտարարել է նա:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրել էր, որ միջազգային իրավունքը զոհվածների ու վիրավորների հետ վարվելու կանոններ է մշակել: «Մասնավորապես, հիշեցնում ենք Ադրբեջանի բանակի ղեկավարությանը, որ 1949 թ. Ժնևի կոնվենցիայի 15-րդ հոդվածը հստակ սահմանում է. «Ամեն անգամ, հատկապես հակամարտող կողմերի միջև մարտերից հետո, կողմերը պետք է բոլոր միջոցները ձեռնարկեն վիրավորների ու հիվանդների որոնման ու տեղափոխման համար, պաշտպանեն նրանց կողոպուտից ու անվայելուչ վերաբերմունքից, ինչպես նաև գտնել զոհվածների մարմիներն ու պաշտպանել դրանք թալանից»,-գրել է Հովհաննիսյանը Facebook-յան էջում:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամներից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն, ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին: Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Արցախի իշխանությունները պաշտոնապես դիմել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին՝ հայցելով վերջինների միջնորդությունը նոյեմբերի 12-ին Աղդամի շրջանում հայկական օդուժի խոցված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի 3 անդամներին շփման գծի չեզոք գոտուց դուրս բերելու հարցում:

Խոցված ուղղաթիռը չափազանց մոտ հեռավորոթյան վրա է հակառակորդի դիրքերից, որտեղից էլ տեղանքը պահվում է կրակահերթի տակ՝ թույլ չտալով հայկական կողմին մոտենալ և դուրս հանել անձնակազմը: