22 հունիսի 2006 - 14:50 AMT
Ռուսաստանում կատարված վերջին սպանությունները ուղղված չեն հայերի դեմ
Ռուսաստանում կատարված վերջին սպանությունները ուղղված չեն հայերի դեմ: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը Մոսկվայի հայ ուսանողների հետ հանդիպմանը: Նրա խոսքերով, նման դեպքերը հակասում են Ռուսաստանի քաղաքականությանը Հայաստանի եւ ՌԴ-ում բնակվող հայերի հանդեպ: Ուսանողները մտահոգություն են հայտնել Հայաստանի քաղաքացիների հետ կապված վերջին միջադեպերի կապակցությամբ, որոնք որոշ ԶԼՄ-ներ ներկայացրեցին որպես անհանդուրժողության դրսեւորում հայերի հանդեպ: «Այդ գործընթացները հուզում են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի հասարակությանը, ինչը կարող է օգտագործվել երրորդ ուժերի կողմից, որոնք շահագրգռված են հայ-ռուսական հարաբերությունների թուլացմամբ, եւ կարող է բացասաբար անդրադառնալ համագործակցության գործընթացի վրա»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ա.Սմբատյանը ծանոթացրել է ուսանողներին այն միջոցների հետ, որոնք ձեռնարկում է Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը այդ միջադեպերի առնչությամբ, ինչպես նաեւ ռուսական իշխանությունների գործունեությանը, ուղղված վերջին սպանությունների բացահայտմանը:
Հանդիպմանը արծարծվել են Հայաստանում երկքաղաքացիության ինստիտուտի ընդունման հետ, Ռուսաստանի բուհերում հայ քաղաքացիներին տրամադրվող քվոտաների ավելացման հնարավորությունների հետ կապված հարցեր: