19 նոյեմբերի 2014 - 19:09 AMT
ԵԽԽՎ-ն դատապարտել է Սաֆարովի արդարացումը. Օրենքի գերակայության սկզբունքը խախտվել է

Նոյեմբերի 18-ին Բրյուսելում կայացած Եվրոպայի խորհրդի խոհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստի շրջանակում ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը հանդիպել է ԵԽ նախարարների կոմիտեի նոր նախագահ, Բեգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսի հետ։ Twitter-ում կատարած գրառման մեջ Բրասյորը գրել է, թե ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը նա անդրադարձել է Ուկրաինային և Ռուսաստանին, ինչպես նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ շարունակվող ճնշումների առնչությամբ։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Նիդերլանդները ներկայացնող պատգամավոր Պիտեր Օմցիգը հոկտեմբերին Ադրբեջանին քննադատող բանաձևի նախագիծ է ներկայացրել` «Եվրոպայի խորհրդի հետ գործակցող անկախ փորձագետների պաշտպանություն» խորագրով։

Բանաձևի նախագծում ասվում է, որ ներկայումս Եվրոպայի խորհրդի առջև ծառացած մարտահրավեր է՝ զարգացնել մասնակցային ժողովրդավարությունը և ուժեղացնել հասարակական կազմակերպություններին և քաղաքացիական հասարակությանը, որն էլ կմեծացնի քաղաքացիների գործողությունների ազդեցությունը. «Եվրոպայի խորհուրդը ևս շահում է ՀԿ-ների հետ շփումներից։ Մինչդեռ, անկախ փորձագետների հետ արդյունավետ հաղորդակցությունը դառնում է էական՝ բազմակողմ տեղեկատվություն ստանալու տեսանկյունից։ Միայն օբյեկտիվ և անաչառ տեղեկատվությունը կարող է հիմք հանդիսանալ կազմակերպության հարթ և նպատակային գործունեության համար»:

Բանաձևում խոսվում է ադրբեջանցի մարդու իրավունքների պաշտպաններ Ռասուլ Ջաֆարովի և Ինթիգամ Ալիևի ձեռրբակալությունների մասին: Երկուսն էլ ձերբակալվել են ԵԽԽՎ-ում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների մասին բարձրաձայնելուց հետո:

Բացի այս նոյեմբերի 19-ին Բրյուսելում կայացած ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովի արդարացումը, որը դատապարտվել էր Հունգարիայում հայ զինվոր Գուրգեն Մարգարյանին 2004-ին սպանելու համար։

Panorama.am-ը գրում է, որ ընդունված բանաձևում, որը կազմվել է անգլիացի պատգամավոր Քրիստոֆեր Չոպի զեկույցի հիման վրա, ասվում է՝ «Դատապարտված անձանց արտահանձնման» մասին կոնվենցիայի 12-րդ հոդվածը Ռամիլ Սաֆարովի դեպքում կիրառելը միջազգային հարաբերություններում բարեխղճության և օրենքի գերակայության սկզբունքների խախտում է։

2004-ի փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006-ի ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005-ի փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հետագայում փակ կուսակցական նիստում խոստովանել է, որ որոշում է կայացրել Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու մասին, թեև գիտեր, որ վաղ թե ուշ նա ազատ է արձակվելու: Կուսակիցներն ու խորհրդականները բազմիցս են զգուշացրել Օրբանին, որ այդ քայլը ռիսկային է, սակայն հունգարացի վարչապետը դիտարկել է այդ որոշումը որպես ժեստ ադրբեջանցիների հանդեպ՝ հետագայում նոր վարկատուներ ապահովելով Հունգարիայի բույջեի համար: Օրբանը խոստովանել է, որ գիտեր հնարավոր հետևանքների մասին, սակայն, կարծում էր, թե Սաֆարովին ազատ կարձակեն մի քանի ամիս անց, «առողջական վիճակի պատճառաբանությամբ»: