20 նոյեմբերի 2014 - 11:11 AMT
Ուղղաթիռի բեկորները շփման գծի չեզոք գոտու ականապատ տարածքում են. ԵԱՀԿ (թարմացված)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Էնդրյուն (Ֆրանսիա) խորապես մտահոգված են այն հանգամանքով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոյեմբերի 12-ին խոցված ԼՂՀ ռազմական ուղղաթիռին դեռևս անհնար է մոտենալ:

Համանախագահները ևս մեկ հայտարարություն են տարածել` նշելով, որ ուղղաթիռի բեկորներն ընկած են շփման գծի չեզոք գոտու ականապատ տարածքում:

«Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել կրակը դեպքի վայրի մերձակայքում և նպաստել տարածքի ականազերծմանը»,-նշվում է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը նոյեմբերի 18-ին հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ առաքելությանը երաշխիքներ չի տրամադրել ուղղաթիռի անկման վայրում զննում անցկացնելու համար, ուստի այդ պատճառով մշտադիտարկում չի անցկացվել:

Ըստ ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարության`2010-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրված Աստրախանի փաստաթղթի ոգուն հավատարիմ մնալով՝ համանախագահներն Ադրբեջանին հորդորում են թույլատրել զոհերի մարմինները դուրս բերել, իսկ Հայաստանին՝ ջանքեր ներդնել հումանիտար իրավիճակի լուծման համար: Համանախագահները կոչ են արել ապահովել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի ու նրա թիմի ներկայությունն այնտեղ:

Միևնույն ժամանակ «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտում տեղյակ են` արգելվել է ԵԱՀԿ-ի ներկայացուցչի այցն ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի անկման վայր։ Պետդեպարտամենտի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Ջեֆ Ռաթկեն հայտնել է, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել։

«Սա մեկ անգամ ևս հիշեցնում է բոլոր կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում տալու համար ջանքերը կրկնապատկելու կարևորությունը։ Դրանից ավելին ասելու ոչինչ չունեմ», - նշել է նա։

Դեպքի առնչությամբ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին` մտահոգություն հայտնելով ՄԻ-24 հայկական ուղղաթիռի երեք հոգանոց երիտասարդ անձնակազմի ճակատագրով.

«Միջադեպից անցել է արդեն 8 օր, սակայն ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մոտենալ ուղղաթիռին և դուրս բերել անձնակազմի անդամներին՝ չնայած այդ երկրին հայկական կողմի խնդրանքով դիմել են և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Ավելին, ադրբեջանական կողմը ԵԱՀԿ ներկայացուցիչներին թույլ չի տվել նաև զինադադարի ռեժիմի խախտման դիտարկում անցկացնել ուղղաթիռի խոցման վայրում: Խոցված ուղղաթիռի անձնակազմին օրեր շարունակ կրակի տակ պահելը ոչ միայն լիովին հակասում է միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված նորմերին, մասնավորապես Ժնևի կոնվենցիայի դրույթներին, այլև ոտնահարում տարրական բարոյականության ու խղճի սկզբունքներն իսկ: Խոցված ուղղաթիռի օդաչուներին ժամանակին մոտենալու և բուժօգնություն ցուցաբերելու դեպքում բացառված չէ, որ նրանցից գոնե մեկի կյանքը հնարավոր լիներ փրկել: Կոչ եմ անում Ձեզ անմասն չմնալ և նպաստել ուղղաթիռի անձնակազմի՝ հայկական կողմին վերադարձմանը, ինչպես նաև միջադեպի համակողմանի, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննության անցկացմանը»:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն նոյեմբերի 19-ին ընդունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դիակները վերադարձնելու ուղղությամբ ԵԱՀԿ-ի գործող նախագահի, ինչպես նաև ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից իրականացվող քայլերի համակարգմանն առնչվող հարցեր:

Նոյեմբերի 16-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը քննարկել է ԼՂՀ–ի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Անջեյ Կասպշիկը Ստեփանակերտում ցանկություն էր հայտնել մշտադիտարկումն անելիս նաև լինել այն վայրում, որտեղ խոցվել էր ուղղաթիռը։ Նոյեմբերի 18-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում պետք է անցկացներ Ասկերանի ուղղությամբ: