20 նոյեմբերի 2014 - 11:51 AMT
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար. Ռամիլ Սաֆարովը հանցագործ է

Նախօրեին` նոյեմբերի 19-ին, ԵԽԽՎ-ում ընդունված` «Սաֆարովի գործով» բանաձևի վերաբերյալ զեկույցի քննարկմանը մասնակցող Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը նշել է, որ, իհարկե, Ռամիլ Սաֆարովը հանցագործ է և դա չի վիճարկվում, սակայն պետք է հաշվի առնել հանգամանքները` հիշելով պատերազմական իրավիճակը և որ մինչ այժմ էլ դիպուկահարների կրակոցներից զոհեր են լինում: Այս մասին պատմել է ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսելում գտնվող ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` հավելելով, որ հպանցիկ հիշատակվել է նաև օրերս խոցված ուղղաթիռը, ինչպես նաև Սաֆարովի` ծագումով այդ տարածքներից լինելու հանգամանքը:

Նոյեմբերի 19-ին Բրյուսելում կայացած ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովի արդարացումը, որը դատապարտվել էր Հունգարիայում հայ զինվոր Գուրգեն Մարգարյանին 2004-ին սպանելու համար։ Ընդունված բանաձևում, որը կազմվել է անգլիացի պատգամավոր Քրիստոֆեր Չոպի զեկույցի հիման վրա, ասվում է՝ «Դատապարտված անձանց արտահանձնման» մասին կոնվենցիայի 12-րդ հոդվածը Ռամիլ Սաֆարովի դեպքում կիրառելը միջազգային հարաբերություններում բարեխղճության և օրենքի գերակայության սկզբունքների խախտում է։

Հերմինե Նաղդալյանը նշել է, որ ադրբեջանցի պատվիրակի այս ելույթն անպատասխան չի մնացել: Panorama.am-ը գրում է` պատասխան ելույթում ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարն ընդգծել է հանգամանքը, որ ինչպես միշտ` ադրբեջանցիների կողմից բովանդակությունը նենգափոխվում է, քանզի զեկույցի նպատակը ոչ թե Ռամիլ Սաֆարովի արարքը որակելն է, ինչն արդեն արել է դատարանը նրան հանցագործ ճանաչելով, և դա ոչ մեկը չի վիճարկում, այդ թվում և Սեիդովը, այլ զեկույցի թեման Ադրբեջանի իշխանությունների գործողություններին գնահատական տալն էր` այն մասին, որ հանցագործին արդարացնելով, ազատելով և հերոսացնելով ` նրանք ի չարս են օգտագործել կոնվենցիան, որի նպատակը, բնավ, այդ ճանապարհով հանցագործներին ազատելը չէ:

«Ինչ վերաբերում է պատերազմին, ապա 1994-ից Ադրբեջանի նախագահի խնդրանքով ստորագրվել է զինադադար, որի պայմանները պարբերաբար խախտվում են Ադրբեջանի կողմից, ինչպես նաև կոպտորեն խախտվում են խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության և Հայաստանի ջանքերը, որի մի օրինակն էլ մի քանի օր առաջ ռմբակոծված, ուսումնավարժական թռիչք կատարող, անզեն և ադրբեջանցիների համար վտանգ չներկայացնող ուղղաթիռն է»,- հավելել է Նաղդալյանը:

2004-ի փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006-ի ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005-ի փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար: Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հետագայում փակ կուսակցական նիստում խոստովանել է, որ որոշում է կայացրել Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու մասին, թեև գիտեր, որ վաղ թե ուշ նա ազատ է արձակվելու: Կուսակիցներն ու խորհրդականները բազմիցս են զգուշացրել Օրբանին, որ այդ քայլը ռիսկային է, սակայն հունգարացի վարչապետը դիտարկել է այդ որոշումը որպես ժեստ ադրբեջանցիների հանդեպ՝ հետագայում նոր վարկատուներ ապահովելով Հունգարիայի բույջեի համար: Օրբանը խոստովանել է, որ գիտեր հնարավոր հետևանքների մասին, սակայն, կարծում էր, թե Սաֆարովին ազատ կարձակեն մի քանի ամիս անց, «առողջական վիճակի պատճառաբանությամբ»:

Կարդացեք նաև`ԵԽԽՎ-ն դատապարտել է Սաֆարովի արդարացումը. Օրենքի գերակայության սկզբունքը խախտվել է