20 նոյեմբերի 2014 - 16:04 AMT
Կողպված դարպասը. Անկարայում կազմակերպվող գիտաժողովի առանցքում Հայաստան-Թուրքիա սահմանի ապագան է

Հրանտ Դինք հիմնադրամը, Անկարայի համալսարանի Քաղաքագիտության ամբիոնի տնտեսագիտության բաժնի հետ գործակցությամբ, 2014-ի նոյեմբերի 22-23-ն Անկարայում կազմակերպում է գիտական խորհրդաժողով՝ «Կողպված դարպասը. Թուրքիա-Հայաստան սահմանի ապագան» խորագրով։

Խորհրդաժողովի ժամանակ կքննարկվի Թուրքիայի միակ փակ սահմանը, որն այդ կարգավիճակում է դեռևս 1993-ից։ Այնտեղի կունենա Անկարայի համալսարանի Ջեբեջի մասնաշենքի Ազիզ Քյոքլյու խորհրդաժողովների սրահում և ուղիղ եթերով կհեռարձակվի Հրանտ Դինք հիմնադրամի կայքէջում` անգլերեն, թուրքերեն և հայերեն լեզուներով։

Այս խորհրդաժողովի նպատակն է «փակ սահմանի քաղաքականությանն» անդրադառնալը՝ դրա քաղաքական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական, մարդասիրական և տարածաշրջանային խնդիրների ասպեկտներով, ինչպես նաև Կովկասում խաղաղության կառուցման հեռանկարներով:

Ներկա գտնվող հետազոտողների և փորձագետների միջոցով խորհրդաժողովը կփորձի նպաստել միջսահմանային երկխոսությանը` հնարավորություն ընձեռելով օգտագործելու բաց թողնված հնարավորությունները և աջակցելու այնպիսի նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն սահմանները վերացնելուն և տարածաշրջանային գործակցությունը և ինտեգրումը խթանելուն։

Սովետական Միության փլուզումից հետո Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրների շարքում էր։ Սակայն 1993-ին Թուրքիան միակողմանիորեն ամբողջությամբ փակեց Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի պատերազմին: Կարս - Գյումրի երկաթուղային կապը կանգնեց, իսկ ուղղակի առևտուրը և տեղացիների միջսահմանային գործունեությունն արգելափակվեց: Փակ սահմանների քաղաքականությունը ուժի մեջ է մինչև այսօր:

Փակ սահմանը շարունակում է զգալի ազդեցություն ունենալ սահմանի երկու կողմի հասարակությունների կյանքի և ընդհանրապես տարածաշրջանի վրա՝ ներառյալ պատերազմական վիճակում գտնվող Սիրիայի վրա, որը տուն է բավական մեծ թվով ծագումով հայ բնակչության համար: Շրջափակման տնտեսական, քաղաքական, սոցիալական և բնապահպանական հետևանքները տեսանելի են ամենուր:

Խորհրդաժողովը կանդրադառնա մի շարք հարցերի. ինչպիսի՞ ազդեցություն է ունենում փակ սահմանը սահմանամերձ շրջանների, սահմանից այն կողմ գտնվող բնակիչների տեսակետների և առօրյա կյանքի վրա: Իր հերթին ինչպիսի՞ն կլինի բաց սահմանի ազդեցությունը նրանց վրա: Սահմանի բացումը կծառայի՞ որպես տնտեսական զարգացման կատալիզատոր: Որո՞նք են տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման բաց թողնված հնարավորություններն ու հեռանկարները: Ինչպիսի՞ն կլինի տարածաշրջանի պատկերը 30 տարի անց, եթե ենթադրենք, որ կան բաց սահմաններ և, հավանաբար, ընդհանուր կամ ազատ տնտեսական գոտի: Ինչպե՞ս կարող է սահմանն ազդել Կովկասի տարածաշրջանային ինտեգրացիայի և համագործակցության վրա: Ինչպիսի՞ն է եղել Թուրքիայի՝ Վրաստանի, Իրաքի, Սիրիայի և Նախիջևանի հետ «բաց դռների քաղաքականության» ազդեցությունը: Կարո՞ղ է բաց սահմանը հանդես գալ որպես կատալիզատոր՝ Կովկասում ժողովրդավարության ամրապնդման և, որպես կայուն և անվտանգ էներգետիկ ու տրանսպորտային հանգույց, նրա՝ Եվրոպային ինտեգրման համար: