20 նոյեմբերի 2014 - 17:47 AMT
Ադրբեջանցիներն առաջարկում են ուղղաթիռի անձնակազմի դիերը փոխանակե՞լ դիվերսանտների հետ

Ադրբեջանում առաջարկություններ են հնչում հայ օդաչուների մարմինները փոխանակել երկու ադրբեջանցի դիվերսանտի հետ, որոնց գործը հետաքննվում է Ստեփանակերտում: Այս մասին նոյեմբերի 20-ին տեսակապով միացած մամուլի ասուլիսում հայտարարել է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ, լրագրող Շահին Ռզաևը՝ հավելելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարող է միջնորդ դառնալ այս հարցում: Նա նշել է, որ եթե փոխանակումը տեղի ունենա, «ապա, իհարկե, քայլ առաջ կլինի»:

Ըստ նրա՝ Ադրբեջանում իրավիճակն ընկալում են այնպես, ասես թե ուղղաթիռը խոցվել է ոչ թե հայկական կողմի վերահսկած շփման գծում, այլ «այն գիտակցաբար հատել է շփման գիծը և խոցվել չեզոք գոտում, որը ադրբեջանական ուժերի կրակի տակ է»:

Դիվերսանտների գործով կա երկու մեղադրյալ՝ Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, որոնց մեղադրանք է առաջադրվել լրտեսության, ինչպես նաև առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու, զենքի գործադրմամբ ազգային ատելության շարժառիթովանչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու,երկու անձանց սպանության փորձի հոդվածներով:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի հնչեցրած տարբերակին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե դա Արցախի Հանրապետության ղեկավարությանն է վերաբերում.

«Ակնհայտ է, որ այդ դիվերսանտները հանցագործություն են կատարել և դրա համար պետք է պատասխան տան: Մեր կատարած դիվանագիտական աշխատանքները տվեցին իրենց արդյունքը, որ համանախագահները կոնկրետ հայտարարություններ արեցին՝ դիմելով Ադրբեջանին, որպեսզի վերցնենք մեր աճյունները»:

Նախարարը շեշտել է, որ Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից խոցված հայկական ուղղաթիռի զոհված անձնակազմի դիերն այդ տարածքից վերցնելու գործում Հայաստանի ջանքերն ուղղված են դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելուն։

«Կարծում եմ, որ մեր հարևանները կհասկանան, որ ի վերջո միջազգային մարդասիրական կանոնների համաձայն պետք է թույլատրվի ուղղաթիռի ընկած վայրի կամ թեկուզ մարտական գործողությունների վայրի ուսումնասիրումը և այնտեղ մնացած աճյունների ուսումնասիրումն ու տեղափոխումը: Այլ տարբերակները միշտ էլ ուժի մեջ կան, բայց առայժմ մեր ջանքերն ուղղված են դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը»,-ասել է նա:

Միջադեպից անցել է արդեն 8 օր, սակայն ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մոտենալ ուղղաթիռին և դուրս բերել անձնակազմի անդամներին՝ չնայած այդ երկրին հայկական կողմի խնդրանքով դիմել են և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Ավելին, ադրբեջանական կողմը ԵԱՀԿ ներկայացուցիչներին թույլ չի տվել նաև զինադադարի ռեժիմի խախտման դիտարկում անցկացնել ուղղաթիռի խոցման վայրում: Խոցված ուղղաթիռի անձնակազմին օրեր շարունակ կրակի տակ պահելը ոչ միայն լիովին հակասում է միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված նորմերին, մասնավորապես Ժնևի կոնվենցիայի դրույթներին, այլև ոտնահարում տարրական բարոյականության ու խղճի սկզբունքներն իսկ: Խոցված ուղղաթիռի օդաչուներին ժամանակին մոտենալու և բուժօգնություն ցուցաբերելու դեպքում բացառված չէ, որ նրանցից գոնե մեկի կյանքը հնարավոր լիներ փրկել: Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Սեյրան Օհանյանը նաև նշել է, թե Ադրբեջանի բոլոր խախտումներն այս տարիների ընթացքում սադրանաքներ էին, որոնք լարվածության համապատապասխան աստիճան էին ապահովում՝ բանակցային գործընթացում հաջողություններ ունենալու համար.

«Ուղղաթիռի անձնակազմը խոցվել է ուսումնավարժական թռիչներ կատարելիս և մեր տարածքում, սա կարծում եմ՝ բոլոր կանոնների խախտում է: Կարծում եմ նաև՝ նախօրոք էր ցուցում տրված, որպեսզի խոցվի մեր ուղղաթիռը», մեջբերում է «Այսօր»-ը:

Միևնույն ժամանակ,ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը գաղտնի է պահում այն տեղեկատվությունը, թե Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խոցելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում քանի անգամ է դիմել Ադրբեջանի իշխանություններին անձնակազմին օգնություն ցույց տալու համար և ինչ արձագանք է ստացել:

Գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշել է, որ նման տեղեկատվություն տրամադրել չեն կարող, քանի որ երկրորդ կողմի հետ քննարկումները շարունակվում են. «Ադրբեջանի շահագրգիռ կողմերի հետ քիչ թե շատ վերջնական համաձայնության գալու դեպքում կհայտարարենք դրանց արդյունքների մասին»:

Ամատունին նաև նշել է, որ ընթացող երկխոսության բովանդակության էությունն է՝ գտնել հնարավոր լավագույն տարբերակը, որը հնարավորություն կտա հոգալ ստեղծված իրավիճակում օդաչուների ընտանիքների մարդասիրական կարիքները, գրում է Tert.am-ը:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: