21 նոյեմբերի 2014 - 12:11 AMT
ԼՂՀ-ն բացառում է դիվերսանտների փոխանակումը խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերի հետ

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ բացառվում է ձերբակալված ու այժմ դատվող ադրբեջանցի դիվերսանտների փոխանակումը խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերի հետ: Դիվերսանտների կողմից սպավնած Սմբատ Ցականյանի հայրը՝ Մեխակ Ցականյանը ևս բացառել է նման հնարավորությունը: «Իրանք ոնց են անում՝ Սաֆարովին տանում են գեներալ տալիս, իսկ էն Շամշադինի Կարենին երկու օր չպահեցին՝ սպանեցին։ Ո՞րն ա ճիշտը, իսկ իրանց մենք պահում ենք. մի հատ էլ տուն սարքենք տանք իրենց՝ դա՞ են ուզում, ի՞նչ են ուզում, ես չեմ իմանում։ Այսքան խաղաղ պայմանում գան իմ երեխուն սպանեն»,- ասել է Մեխակ Ցականյանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Վերջին օրերին ադրբեջանական կողմը շրջանառության մեջ է դրել խոցված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներին ձերբակալված ադրբեջանցիների հետ փոխանակելու հարցը։ Անդրադառնալով այս հարցին նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ այս հարցը վերաբերում է ԼՂՀ ղեկավարության իրավասությանը: «Ակնհայտ է, որ այդ դիվերսանտները հանցագործություն են կատարել և դրա համար պետք է պատասխան տան: Մեր կատարած դիվանագիտական աշխատանքները տվեցին իրենց արդյունքը, որ համանախագահները կոնկրետ հայտարարություններ արեցին՝ դիմելով Ադրբեջանին, որպեսզի վերցնենք մեր աճյունները»,-ասել է նախարարը: Նախարարը շեշտել է, որ Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից խոցված հայկական ուղղաթիռի զոհված անձնակազմի դիերն այդ տարածքից վերցնելու գործում Հայաստանի ջանքերն ուղղված են դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելուն։

Դիվերսանտների գործով կա երկու մեղադրյալ՝ Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, որոնց մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքով նախատեսված 316-րդ հոդվածով` լրտեսությունը, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանությունը`զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ:

Մինչդեռ, ԼՂՀ ՊԲ-ն հայտնում է, որ վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ շեշտակիորեն աճել են հակառակորդի կողմից իրականացվող հրադադարի ռեժիմի խախտումները: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվում հատկապես նոյեմբերի 12-ին շփման գծի արևելյան հատվածում՝ ուղղաթիռի անկման վայրի ուղղությամբ: Միայն նոյեմբերի լույս 21-ի գիշերը նշված հատվածում ադրբեջանական բանակը տարբեր տրամաչափի հրաձգային զենքից հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 190 անգամ, որից 8-ի դեպքում՝ նռնականետից և խոշոր տրամաչափի այլ զինատեսակներից:

ՊԲ առաջապահ ուժերի կողմից ձեռնարկվել և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թույլ չտալու համար հակառակորդին մոտենալ ուղղաթիռի անկման վայրին:

Ներկա դրությամբ, ինչպես ուղղաթիռի անկման վայրը, այնպես էլ ամբողջ առաջնագիծը, հայ դիրքապահների մշտական վերահսկողության տակ է:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամներից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն, ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին: Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարել է, որ ուղղաթիռն ընկել է չեզոք գոտում, ականապատ տարածքում՝ կոչ անելով կողմերին դադարեցնել վայրի գնդակոծությունը և նպաստել տարածքի ականազերծմանը: