21 նոյեմբերի 2014 - 22:20 AMT
Համացանցում «.հայ» դոմենային անուն կհայտնվի

ICANN կազմակերպությունը նոյեմբերի 20-ին որոշում է կայացրել համացանցային «.հայ» նոր դոմենային անուն գրանցել: «.հայ» անվան գրանցումից հետո սկսվող տեխնիկական համաձայնեցումների գործընթացը 3-6 ամիս կտևի, տեղեկացնում են ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունից:

«Սա աշխարհի հայության համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն է, որը բոլորին հնարավորություն կտա իրենց մասին տեղեկատվությունը համացանցում տարածել նաև հայատառ «.հայ» դոմենի օգտագործմամբ: «.հայ» դոմենային անվան օգտագործումը կխթանի հայկական ստեղնաշարի օգտագործումը Սփյուռքում, հայկական տառատեսակների լայն ներդրումը ժամանակակից բջջային սարքերում, թույլ կտա զարգացնել հայերենի իմացության մակարդակը համացանցում: Միևնույն ժամանակ կնպաստի հայոց լեզվի կիրառման ընդլայնմանն ինչպես առօրյայում, այնպես էլ Հայաստան- Սփյուռք կապերի հետագա ընդլայնման հարցում», - նշվում է հաղորդագրությունում:

«.am» դոմենային անունը Հայաստանին տրամադրվել է 1994 թվականին, այն գրանցելու իրավունքը նույն թվականին ստացել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, ով կստանա նաև «.հայ» դոմենային անունը գրանցելու իրավունքը: