22 նոյեմբերի 2014 - 11:26 AMT
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները խաթարման եզրին են. Առաջընթաց չկա

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Վիեննայում միջուկային խնդրի շուրջ բանակցությունների ժամանակ «ոչ մի նոր բան չի լսել»:

BBC-ն հաղորդում է, որ Զարիֆը, մասնավորապես, նշել է, թե Թեհրանին ոչ մի հատուկ առաջարկ չի ներկայացվել:

«Արտահայտված քննադատություն էր լսվում, բայց ոչ մի էական առաջարկ չի եղել, որը կարելի լիներ տանել Թեհրան՝ համաձայնեցման»,- հայտարարել է Զարիֆը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների եզրափակիչ փուլը մեկնարկեց Վիեննայում նոյեմբերի 18-ին: Միջազգային միջնորդների «վեցյակն» ու Իրանը փորձում են հաղթահարել տարաձայնություններն, առաջին հերթին պատժամիջոցների վերացման կարգի շուրջ:

Մինչդեռ ՄԱԳԱՏԷ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հայտնել է, որ կազմակերպության աշխատակիցները կկարողանան այցելել օբյեկտ սահմանամերձ Մարիվանում Թեհրանից 700 կմ հեռավորության վրա: Նաջֆարին նշել է, որ Իրանն այդ որոշումը կամավոր է կայացրել: 2011-ի ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում ասվում էր, որ Մարիվանի օբյեկտում հատուկ հզորության պայթուցիկների հետ փորձեր են կատարվում: Նաջաֆին այդ ենթադրությունները համարեց «անհիմն ու շինծու»՝ նշելով, որ նման փորձերի հետքերը կարող են շատ հեշտ ի հայտ գալ տեսչության ընթացքում, գրում է «Կոմերսանտը»:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին բազմիցս է հայտարարել, ոչ միջուկային համաձայնությունն Արևմուտքի հետ հասանելի է: Ըստ նրա, Թեհրանն ու Արևմուտքը փոխզիջման են հասել ընդհանուր հարցերի շուրջ, մնացել է համաձայնեցնել միայն որոշ մանրամասներ, որոնք կարելի է լիովին համաձայնեցնել մինչև նոյեմբերի 24-ը: ԱՄՆ նախագահ Օբաման նաև հայտարարել է բոլոր բանակցությունների հաջող ավարտի մասին, եթե Թեհրանը համոզի բանակցողներին, որ միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում:

Անհաջողության դեպքում բանակցությունները կրկին փակուղի կմտնեն, Արևմուտքը հետագայում ևս տնտեսական պատժամիջոցներ կկիրառի, ինչը կհանգեցնի սրացման նոր փուլի մի կողմից Իրանի և մյուս կողմից ԱՄՆ ու ԵՄ միջև:

2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները: Նախատեսվում է, որ մինչ նոյեմբերի 24-ը Իրանն ու «վեցյակը» կքննարկեն միջուկային ծրագրի շուրջ համաձայնության բոլոր տարրերը և կստորագրեն համապատասխան համաձայնագիր:

Իրանն առաջին հորիզոնականում է աշխարհում բնական գազի հետախուզված պաշարների ծավալներով: Ըստ BP-ի, 2013-ին Իրանի գազի ապացուցված պաշարները ավելացել են 200 մլրդ խմ՝ հասնելով 33,8 տրլն խմ, ինչը 2,5 տրլն խմ ավելի է ՌԴ գազի պաշարներից:

Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը հատկապես կարևորվում է հակառուսական պատժամիջոցների և Եվրոպայում էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների որոնման հետ: Ավելի վաղ Ռոուհանին հայտարարել էր, որ երկիրը կողմ է «առողջ մրցակցությանը», սակայն պատրաստ է համակարգել քայլերը Մոսկվայի հետ:

Photo: RIA