8 հունվարի 2003 - 23:43 AMT
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈւՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԸ
Այսօր կայացած Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նիստում նախագահ է ընտրվել ՀՀ նախագահի նախկին խորհրդական Ալեքսան Հարությունյանը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 7-ին հրամանագիր է ստորագրել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Աշոտ Մանուկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

Հանրապետության Նախագահը նույն օրը հրամանագրեր է ստորագրել Ալեքսան Հարությունյանին եւ Վարդան Կոպյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին:

Ռոբերտ Քոչարյանի հունվարի 7-ի մեկ այլ հրամանագրով, Ալեքսան Հարությունյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ազատվել է Նախագահի խորհրդականի պաշտոնից:

Ալեքսան Հարությունյանը ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, 1991-ին եղել է «Հայլուր» լրատվական ծառայության տնօրեն, 1993-1996 թթ. աշխատել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում: 1999 թվականի նոյեմբերից մինչ նոր նշանակումը եղել է ՀՀ նախագահի խորհրդական:

Խորհրդի մյուս նորանշանակ անդամը` Վարդան Կոպյանը, մասնագիտությամբ տնտեսագետ-իրավաբան է: 1998-ից աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական, այնուհետեւ` պետաիրավական վարչություններում: