25 նոյեմբերի 2014 - 10:47 AMT
Ռուսաստանն ու Աբխազիան դաշինքի մասին պայմանագիր են կնքել. Թբիլիսին կտրականապես դեմ է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Աբխազիայի ղեկավար Ռաուլ Հաջիմբան նոյեմբերի 24-ին Սոչիում ռազմավարական գործընկերության և դաշինքի մասին պայմանագիր են կնքել: Փաստաթուղթը նախատեսում է պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածքի ձևավորվում, այդ թվում նաև երկու պետությունների միասնական խմբավորման ստեղծման ճանապարհով, որոq կենթարկվեն միացյալ հրամանատարությանը: Պայմանագրով երաշխավորվում է սոցիալական չափանիշների բարձրացումն Աբխազիայում, այդ թվում կենսաթոշակային ապահովման, բժշկական և սոցապահովման, առողջապահության, կրթության, գիտության աշխատակիցների աշխատավարձերի գծով՝ աստիճանաբար դրանց մակարդակը հասցնելով ռուսաստանյան չափանիշներին:

Աբխազիայի ընդդիմությունը կողմ է արտահայտվել պայմանագրին, սակայն դեմ է, որ Աբխազիայի նախագահն ականջալուր չեղավ իր պահանջներին, հայտնել է «Ամցախարա» կուսակցության համանախագահ Գարի Սամանբան: «Պայմանագիրն անկասկած արտացոլում է Ռուսաստանի և Աբխազիայի ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ոգին, մենք ոչ մի առարկություն այս առումով չունենք, այն պետք է լինի, և օգտակար կլինի Աբխազիայի համար հմուտ կիրառման դեպքում»,-հայտարարել է Սամանբան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա պարզաբանել է նաև, որ «Ամցախարայի» կազմակերպած հանրահավաքը Սուխումում ներքին ակցիա էր, ուղղված ոչ թե Ռուսաստանի, այլ մեր ղեկավարության դեմ»: «Մենք դեմ չենք Ռուսաստանին, մենք կողմ ենք: Մենք միշտ եղել և կլինենք Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների կողմնակիցը: Մենք պահանջում ենք նախագահից ավելի շատ հաշվի առնել կուսակցության կարծիքը, որի նախագահության թեկնածու Ասլան Բժանիայի օգտին քվեարկել է բնակչության 36 տոկոսը»,-ասել է Սամանբան:

Սամանբան նշել է, որ պայմանագրի նախապատրաստական փուլում «Ամցախարան» առաջարկում էր «մի քանի հոդվածների այլընտրանքային շարադրում», սակայն նրա կարծիքը հաշվի չառնվեց:

«Ամցախարա» կուսակցությունը հանրահավաք էր կազմակերպել Սուխումում, որի մասնակիցները կողմ արտահայտվեցին ՌԴ հետ ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ու զարգացմանը, սակայն նրանք առարկություններ ունեին պայմանագրի տեքստի վերաբերյալ՝ նրանց կարծիքով, փաստաթուղթը լրամշակման կարիք ունի պաշտպանության, տնտեսական քաղաքականության և ներքին քաղաքականության ոլորտներում:

Մինչդեռ Վրաստանի կառավարությունը դատապարտեց Մոսկվայի և Սուխումի միջև պայմանագրի կնքումը համատեղ զորքերի ստեղծման վերաբերյալ և կոչ արեց միջազգային հանրությանը պատշաճ արձագանք տալ: Նման հայտարարություն արեց ԱԳ նախարար Թամարա Բերուչաշվիլին:

«Վրաստանի կառավարությունը դատապարտում է այդ ապօրինի քայլը և հորդորում է միջազգային հանրությանը պատշաճ գնահատական տալ Վրաստանի տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների և միջազգային իրավունքի դեմ ուղղված գործողություններին»,-ասել է նա:

Ըստ ԱԳ նախարարի, կնքելով այս պայմանագիրը, Ռուսաստանը կոպտորեն խախտում է 2008 թ. օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

2008 թ. օգոստոսի 26-ին Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի ինքնիշխանությունը, որոնք վաղուց էին երազում դուրս գալ Վրաստանի կազմից ու անկախանալ: Դա տեղի ունեցավ օգոստոսի սկզբին Ցխինվալի դեմ Վրաստանի զինված ագրեսիայից հետո: ՌԴ ղեկավարները բազմիցս են հայտարարել, որ Վրաստանի երկու նախկին ինքնավարությունների անկախության ճանաչումն արտացոլում է առկա իրողություններն ու վերանայման ենթակա չէ:

Photo: Ria.ru