25 նոյեմբերի 2014 - 13:11 AMT
ԱՄՆ Պետդեպ. Ուղղաթիռի խոցումը կրկին ի հայտ բերեց խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը

ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար ԱՄՆ Պետդեպարտամենտի ճեպազրույցում անդրադարձ է եղել նաև ԼՂՀ ՌՕՈւ ուղղաթիռի խոցմանն ադրբեջանական զինված ուժերի կողմից:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ԵԱՀԿ ներկայացուցիչներին թույլ չեն տալիս մոտենալ ուղղաթիռի անկման վայրին և պատասխանելով այդ առնչությամբ ԱՄՆ գործողությունների մասին հարցին՝ Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Ջեֆ Ռատկեն նշել է, որ «այս միջադեպը և դրան հաջորդած բռնությունները ևս մեկ անգամ ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար խաղաղ կարգավորում գտնելու անհրաժեշտությունը»:

Նա բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և խուսափել գործողություններից, որոնք կմեծացնեն լարվածությունը շփման գծում: Ռատկեն կոչ է արել կողմերին կենտրոնացնել ջանքերը բանակցային գործընթացի վրա: «Իսկ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ-ի համանախագահ, պատրաստ է աջակցել»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ի ներկայացուցչի մուտքի խոչընդոտմանը դեպքի վայր, Ռատկեն ասել է. «Ինչպես հասկանում եմ, ԵԱՀԿ ներկայացուցչի մուտքը միջադեպի վայր, հավանաբար, մերժվել է»: Նա նշել է, որ այս հարցով այլ մանրամասներ ստանալու անհրաժեշտություն կա:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամներից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն, ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին: Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարեց, որ պաշտոնական Բաքուն երաշխիքներ չի տրամադրել առաքելությանն ուղղաթիռի անկման վայրում դիտարկում անցկացնելու համար, ուստի դիտարկում չի անցկացվել: Նոյեմբերի 22-ի առավոտյան հայտնի դարձավ, որ, հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Դեպքի վայրից տարհանվեցին ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: