25 նոյեմբերի 2014 - 16:29 AMT
Թուրքիայի ԱԳՆ-ն ամեն ինչ անելու է, որ ԱՄՆ Կոնգրեսը չընդունի Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի ԱԳՆ-ն ամեն ինչ կանի թույլ չտալու համար, որ ԱՄՆ Կոնգրեսը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ բանաձև ընդունի:

Ինչպես հայտնում է Tert.am-ը, թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով, Չավուշօղլուն հայտարարել է, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում և թուրք լոբբիստները գործակցում են այդ հարցում Թուրքիայի նախարարությունների հետ:

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասն անդրադարձել Վաշինգտոնի դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին: Պատասխանելով հարցին, թե մտադիր է արդյո՞ք ԱՄՆ-ն 2015 թ. ճանաչել «հայերի սպանությունները» (ըստ լրագրողի ձևակերպման՝ խմբ.) որպես ցեղասպանություն՝ Բասը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարության դիրքորոշումն արտացոլված է վարչակազմի նախորդ հայտարարություններում:

ԱՄՆ նախագահ Օբաման, լինելով սենատոր և նախագահի թեկնածու, խոստացավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը նախագահ ընտրվելու դեպքում: Սակայն, ընտրվելուց հետո չկատարեց խոստումը, որի համար պարսավանքի ենթարկվեց հայության կողմից: Իր նախագահության ընթացքում ապրիլի 24-ին հայ համայնքին ուղղված իր ամենամյա ուղերձներում Օբաման խուսափում է «ցեղասպանություն» եզրույթից՝ սահմանափակվելով հայերեն «Մեծ Եղեռն» արտահայտությամբ:

«2015-ը ոչ վերջն է, ոչ էլ սկիզբը: Թուրքիան գործում է ըստ երկարաժամկետ ռազմավարության և սառնասրտորեն է գնահատում 2015 թվականը, առավել լայն հեռանկարի տեսանկյունից»,-մեջբերում է Չավուշօղլուի խոսքն Asbarez-ը: Hurriyet-ն, իր հերթին, նշում է, որ, ըստ Չավուշօղլուի, Անկարան ուշադիր հետևելու է երրորդ երկրներում Հայաստանի կազմակերպած քարոզարշավին Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Ընդ որում, նա հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով Թուրքիայի մտադրությունները չեն փոխվել: