26 նոյեմբերի 2014 - 13:44 AMT
Բաքվին դատապարտող ՀՀ ԱԳՆ հայտարարությունը շրջանառվել է որպես ՄԱԿ ԳՎ և ԱԽ պաշտոնական փաստաթուղթ

Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուսումնա-մարզական թռիչք կատարող Արցախի ՊԲ ուղղաթիռի խոցումը դատապարտող ՀՀ ԱԳՆ հայտարարությունը շրջանառվել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայտարարության մեջ ասված է. «Խստորեն դատապարտում ենք ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի МИ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից:

Հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ և հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։

Ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթաժողովներին հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նման հանցավոր սադրանքը ցույց է տալիս, որ Բաքուն ոչ միայն արհամարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերն ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման մասին, այլև գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը»:

Նոյեմբերի 20-ին Հայաստանի պատվիրակությունը Մշտական խորհրդի նիստում հանդես եկավ Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտման մասին հայտարարությամբ:

Հայկական կողմն իրազեկեց, որ Ադրբեջանը խոչընդոտում է փրկարար խմբերի մուտքը նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանական ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի անկման վայր՝ չդադարեցնելով կրակը:

Նշվեց, որ Ադրբեջանը մերժել է ԿԽՄԿ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի բոլոր առաջարկներն անձնակազմի անդամների դիերի տարհանման ու անկման վայրի դիտարկման վերաբերյալ: Այդպիսով, Ադրբեջանը խախտել է Ժնևյան կոնվենցիայի դրույթները, որը պարտավորեցնում է հակամարտության բոլոր կողմերին անհապաղ հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել վիրավորների, զոհվածների ու հիվանդների որոնման ու տարհանման ուղղությամբ:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամներից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն, ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին: Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Նոյեմբերի 22-ի առավոտյան հայտնի դարձավ, որ, հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Դեպքի վայրից տարհանվեցին ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Հատուկ գործողության արդյունքում, որը Երևանում և Ստեփանակերտում փայլուն անվանեցին, ԼՂՀ ՊԲ-ն կորուստներ չի կրել:

Եռաբլուր զինվորական պանթեոնում նոյեմբերի 25-ին զինվորական արարողակարգով հուղարկավորել են ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներին. հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանին, անձնակազմի անդամներ, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանին և լեյտենանտ Ազատ Սահակյանին:

Արարողությանը մասնակցել են բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, այնպես էլ ՀՀ շարքային քաղաքացիներ և մտավորականներ:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ուղղաթիռի անձնակազմի անդամները հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով, որոնք նրանց հարազատներին է հանձնել ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը: