28 նոյեմբերի 2014 - 15:40 AMT
Թուրքիան կողմնակից է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը և դժգոհ «օկուպանտ հայերից»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Դիարբեքիրում մասնակցել է իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նահանգային կառույցի կուսակցական ժողովին, որի ընթացքում ելույթ ունենալիս անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմային:

Ըստ թուրքական Haberler լրատվակայքի` Չավուշօղլուն հիշեցրել է, որ հայկական կողմը անպատասխան է թողել ժամանակին Թուրքիայի վարչապետ Էրդողանի` համատեղ հանձնաժողով ձևավորելու և արխիվները բացել-ուսումնասիրելու մասին առաջարկը: Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ արտգործնախարարը նշել է, թե իբր Անկարան որոշակի նախաձեռնություններով է հանդես եկել երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար: Որպես օրինակ` նշել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի 2008-ին Հայաստան կատարած այցը:

Չավուշօղլուն նաև նշել է, որ իրենք կողմնակից են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը` դժգոհելով, թե հայերը դեռ «գրաված են պահում Ադրբեջանի հողերը», գրում է Ermenihaber-ը:

Նոյեմբերի 27-ին հայտնի է դարձել, որ Մևլութ Չավուշօղլուն և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը քննարկել են Կիպրոսի հարցն ու Հայոց ցեղասպանության մոտալուտ 100-ամյա տարելիցի հետ կապված հարցեր:

Չավուշօղլուն դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Թուրքիան չափազանց զգայուն է 1915 թվականի իրադարձությունների հարցում, և եթե այն հայտնվի ԱՄՆ օրակարգում, կարող է վնասել երկկողմ թուրք-ամերիկյան հարաբերություններին:

Օրերս, ելույթ ունենալով խորհրդարանում, Չավուշօղլուն հայտարարեց, որ Անկարան ամեն ինչ կանի, կասեցնելու համար Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսում: Չավուշօղլուն հայտարարել է, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում և թուրք լոբբիստները գործակցում են այդ հարցում Թուրքիայի նախարարությունների հետ:

«2015-ը ոչ վերջն է, ոչ էլ սկիզբը: Թուրքիան գործում է ըստ երկարաժամկետ ռազմավարության և սառնասրտորեն է գնահատում 2015 թվականը, առավել լայն հեռանկարի տեսանկյունից»,-մեջբերում է Չավուշօղլուի խոսքն Asbarez-ը: Ըստ Չավուշօղլուի, Անկարան ուշադիր հետևելու է երրորդ երկրներում Հայաստանի կազմակերպած քարոզարշավին Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Ընդ որում, նա հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով Թուրքիայի մտադրությունները չեն փոխվել:

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասն անդրադարձել էր Վաշինգտոնի դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին: Պատասխանելով հարցին, թե մտադիր է արդյո՞ք ԱՄՆ-ն 2015-ին ճանաչել «հայերի սպանությունները» որպես ցեղասպանություն՝ Բասը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարության դիրքորոշումն արտացոլված է վարչակազմի նախորդ հայտարարություններում:

Կարդացեք նաև` Թուրք պատգամավորն առաջարկում է ընդունել Հայոց ցեղասպանությունը. Օրինագիծը խորհրդարանում է