26 հունիսի 2006 - 16:04 AMT
Կոնգրեսականները կոչ են արել ԱՄՆ պետքարտուղարին վերանայել Ջոն Էվանսին հետ կանչելու վերաբերյալ հարցը
Ամերիկացի կոնգրեսականներ Ջորջ Ռադանովիչը, Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնեն եւ Ջո Նոլենբերգը կոչ են արել ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին վերանայել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին հետ կանեչու հարցը, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Ք.Ռայսին հասցեագրված նամակում կոնգրեսականները նշել են, որ «մի քանի ամսվա շահարկումներից հետո» Ջոն Էվանսին հետ կանչելու մասին որոշումը հաստատվեց, երբ «մայիսի 23-ին ԱՄՆ նախագահը ներկայացրեց Ռիչարդ Հոգլանդին որպես ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպան»: Մինչդեռ, նշում են օրենսդիրները, ամերիկյան իշխանությունները չեն խոստովանում, որ Ջ.Էվանսին հետ կանչելու որոշման պատճառը նրա հայտարարությունն էր Հայոց ցեղասպանության մասին: Նամակում կոնգրեսականները համոզվածություն են հայտնում, որ ԱՄՆ-ն պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Եթե Ջոն Էվանսը շարունակի աշխատել որպես ԱՄՆ դեսպան Հայաստանում, այդպիսով Թուրքիան ազդանշան կստանա Ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին»,-նշում են կոնգրեսականները:

Հիշեցնենք, որ 2005 թվականի փետրվարի 19-ին Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ջան Էվանսը կարեւորել է Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Այսօր ես կանվանեմ դա Հայոց ցեղասպանություն»,-հայտարարել է Ջոն Էվանսը: