2 դեկտեմբերի 2014 - 12:54 AMT
Թբիլիսի. Աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը չի քննարկվում

Աբխազիայի տարածքով դեպի Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը Վրաստանում չի քննարկվում: Այդ մասին հայտարարել է հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին:

Ըստ նրա, ճանապարհի վերագործարկման շուրջ բանակցությունները պետք է ընթանան «առանց Աբխազիայի մասնակցության որպես քննարկման կողմ»:

Նա հայտնել է, որ երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին բանակցություններ անհնար է սկսել բանակցությունների մասնակցելու մտադրության վերաբերյալ Աբխազիայի ներկայացուցիչների հայտարարության պատճառով: Հաղորդակցության վերականգնման մասին բանակցությունները պետք է ընթանան Վրաստանի և Ռուսատանի միջև, ասել է նա, գրում է «Կավկազսկի ուզել»-ը:

«Երբ Պուտինն արեց այդ հայտարարությունը, կողքին Հաջիմբան էր կանգնած, և պարզ է, որ նա նկատի ուներ Աբխազիան, այդ ամենը քաղաքական ակցիա էր: Պուտինը լավ գիտի, որ Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան եռակողմ բանակցություններ երբեք չեն անցկացվի: Հիմա Ռուսաստանը հակամարտության կողմ է, օկուպանտ է: Մյուս կողմից մենք Ռուսաստանի հետ սեփական հաշիվներն ունենք հակամարտությունների հարցում, ուստի առանձին գոյություն ունեն վրաց-աբխազական և վրաց-ռուսական հարաբերություններ, և գոյություն չունեն վրաց-աբխազա-ռուսական հարաբերություններ»,-հայտարարել է նա:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպման ավարտին հայտարարեց, որ Ռուսաստանը և Աբխազիան պատրաստ են մտածել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև տարանցիկ երկաթուղային հաղորդակցության մասին: «Հնարավոր ենք համարում միասին մտածել և ընդհանուր համաձայնության դեպքում իրականացնել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև տարանցիկ երկաթուղային հաղորդակցության նախագիծը»,-ասել է Պուտինը լրագրողներին:

Իր հերթին Աբխազիայի փոխնախագահ Վիտալի Գաբնիան ավելի ուշ հայտարարեց, որ երկխոսությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Աբխազիան այդ գործընթացում ներկայանա որպես երկիր, իսկ վրացական մաքսակետերը տեղակայվեն Աբխազիայի և Վրաստանի սահմանին: (Թբիլիսին պահանջում է հակառակը՝ վրացական մաքսակետի տեղադրում Ռուսաստանի և Աբխազիայի սահմանին Փսոու գետի վրա՝ խմբ): Աբխազ քաղաքական գործիչը նշել է, որ Սուխումը չի նահանջի իր պայմաններից, նույնիսկ եթե լինի «Ռուսաստանի ճնշումը»:

Երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի ու Ռուսաստանի միջև աբխազական երկաթուղով կասեցվեց Աբխազիայում պատերազմի ժամանակ 1992 թ.: Խորհրդային շրջանում աբխազական երկաթուղով անցնում էր մոտ 14 ուղևորատար 24 զույգ գնացք: Երթևեկության վերսկսումը կնպաստի Հայաստանի շրջափակման մասնակի դադարեցմանը և ավելի դյուրին կդարձնի Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ:

Ընթերցեք նաև. ԱՄՆ-ն ողջունում է աբխազական երկաթուղու հնարավոր վերագործարկումը