Նոյեմբերի 23-ին շախմատի Սենթ Լուիսի մրցաշարում Սամվել Սևյանը չորս հաղթանակ տարավ: Մրցաշարի ավարտին Սևյանի վարկանիշը հասավ 2500, որի շնորհիվ նա ստացավ գրոսմայստերի կոչում:
Ինչպես դեկտեմբերի 2-ին գրել է The Star-ը, 13 տարեկան, 10 ամսական և 27 օրական Սամվել Սևյանը դարձավ ամենաերիտասարդ գրոսմայստերն ԱՄՆ պատմության մեջ: «Ես գոհ եմ արդյունքից, սա իմ լավագույն մրցաշարերից մեկն է»,-ասել է Սևյանը Սենթ Լուիսում հաղթանակից հետո:
Սամվել Սևյանը ծնվել է 2000 թ. դեկտեմբերի 26-ին ԱՄՆ Նյու Յորքի նահանգի Քորնինգեն քաղաքում: Սևյանը շախմատ է խաղում 5 տարեկանից, տանը նրան օգնում է հայրը: Նա նաև հեռահար մեթոդոով մարզվում է հայտնի մարզիչ Անդրանիկ Մարտիրոսյանի մոտ:
9 տարեկանում Սևյանը լրացրեց սպորտի վարպետի նորման: 12 տարեկան և 10 ամսականում նա հերթական ռեկորդը սահմանեց՝ դառնալով ԱՄՆ միջազգային կարգի ամենաերիտասարդ սպորտի վարպետը:
Ինչպես նշում է շախմատիստի հայրը՝ Արմեն Սևյանը, այժմ Սամվելը վեցերորդն է աշխարհի երիտասարդ շախմատիստների վարկանիշում: Սամվելի հաջորդ նպատակն է հասնել 2600 վարկանիշի, ինչը թույլ կտա նրան հրավերներ ստանալ ամենահեղինակավոր միջազգային մրցաշարերից: