4 դեկտեմբերի 2014 - 16:40 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարներ. Հավատարիմ ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

Շվեյցարական Բազելում ընթացող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների կոմիտեի նիստի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարաները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել: Այդ մասին ԵԱՀԿ պաշտոնական կայքին հղումով գրում է Panorama.am-ը:

«Մենք` Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարներս, շարունակում ենք հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այդ հարցում ռազմական լուծում չի կարող լինել, ուստի կոչ ենք անում կողմերին զերծ մնալ բռնության գործադրումից և ակտիվորեն աշխատել տևական խաղաղության հասնելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Արտգործնախարարներn ափսոսանք են հայտնել շփման գծի երկայնքով լարվածության և բռնության աճի, հուլիս և օգոստոս ամիսներին գրանցված ռազմական բախումների հետ կապված, որոնք մարդկային կյանքեր խլելուն զուգընթաց նաև ավելացրին կողմերի միջև լարվածությունը և խորացրին անվստահության մթնոլորտը:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կողմի կորուստները:

«Նոյեմբերի 12-ին շփման գծում ուղղաթիռի խոցումը ողբերգություն էր, որից կարելի էր խուսափել: Այն կարևոր դարձրեց կողմերի այնպիսի միջոցառումների անցկացումը, որոնք կոչված են նպաստելու լարվածության նվազեցմանը, վստահության վերականգմանը և ապա միջադեպերից խուսափելուն: Մենք դիմում ենք բոլոր կողմերին` զսպվածություն ցուցաբերել հետագա լարվածությունը կանխարգելելու համար: Մենք նաև կողմերին կոչ ենք անում մարդասիրական հարցերի կարգավորման համար հիմք ընդունել 2010 թվականի հոկտեմբերին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների հայտարարությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտմամբ խոցել էր ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Նոյեմբերի 22-ին պարզվել էր, որ ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել էին ուղղաթիռի անձնակազմից դիերն ու ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Արտգործնախարարները բարձր են գնահատել 2014-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումները Սոչիում, Նյուպորտում և Փարիզում` որպես կողմերի միջև շփումների վերականգնման հարթակ: Արտգործնախարարները նաև ողջունել են նախագաhների` Փարիզում ձեռք բերված պայմանավորվածությունը` շարունակել երկխոսությունը գալիք տարում:

ՀՀ և ԱՀ նախագահներy 2014-in արդեն 3 անգամ հանդիպել են: Վերջին հանդիպումը հոկտեմբերի 27-ին էր՝ Փարիզում: Մինչև այդ` սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները: Նախագահներն օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

«ժամանակն է, որ կողմերը հաղթահարեն տարաձայնությունները, վերականգնեն վստահությունը և հարգեն բանակցային գործընթացի իրենց հանձնառությունները, որն էլ կարող է բերել հակամարտության կարգավորմանը: Կողմերը պետք է ընդունեն, որ համապարփակ կարգավորման հիմքերը այն տարրերն ու սկզբունքներն են, որոնք ընդգծվել են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայատարարության մեջ, և որոնք քննարկվել են հատկապես Փարիզյան վերջին գագաթաժողովի ընթացքում: Համանախագահ երկրների հովանո ներքո համապարփակ խաղաղության համաձայնագրին ուղղված բանակցությունները պետք է մեկնարկեն որքան հնարավոր է շուտ»,- նշված է հայտարարության մեջ:

Արտգործնախարարներn իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել կողմերին` միաժամանակ շեշտելով, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտին հասցնելու առաջնային պատասխանատվությունը մնում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին»: