5 դեկտեմբերի 2014 - 15:04 AMT
Ցեղասպանության մասին «Սպի»-ն դեկտեմբերի 5-ից Թուրքիայում մեծ էկրաններին է. Բոլոր թուրքերը չէ, որ ժխտում են

Գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» (The Cut) ֆիլմը դեկտեմբերի 5-ից կցուցադրվի Թուրքիայում:

Մինչև մեծ էկրան բարձրանալը, ռեժիսորը դեկտեմբերի 2-ին Ստամբուլում ներկայացրել է ֆիլմը: Պրեմիերային ներկա են եղել թուրք հայտնի բազմաթիվ կինոաստղեր և ստամբուլաբնակ հայ նշանավոր դեմքեր, ինչպես օրինակ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը:

Ֆիլմի Թուրքիայում ցուցադրմանն ընդառաջ Աքինն ասել է, որ թե որքան է կարևորում ցուցադրումը հենց Ստամբուլում: «Իրականում ես այս ֆիլմն այստեղի համար եմ նկարահանել, որպեսզի դիտենք, ուսումնասիրենք, ճանաչենք մեր անցյալը»,- ասել է նա:

Ըստ ռեժիսորի, ֆիլմը Ցեղասպանության մասին չէ, քանի որ «Ցեղասպանության մասին պատմելու համար պետք է առնվազն 12 ժամանոց փաստագրական ֆիլմ նկարել: Իմ ֆիլմում ցեղասպանության թեման ծառայում է որպես background: Սակայն ֆիլմում արծարծվող թեման ակամա տանում է դեպի Ցեղասպանություն»:

Անդրադառնալով ֆիլմում ներկայացված հայերի նկատմամբ իրականացված դաժանությունների սարսափելի տեսարաններին, Աքինն ասել է՝ սա ցավոտ պատմություն է, բայց մեր համատեղ պատմությունն է:

«Այն փաստը, որ այս ֆիլմը նկարահանվել է թուրք ռեժիսորի կողմից, գուցե հայերի մոտ ինչ-որ չափով կարեկցանք, հանդուրժողականություն առաջացնի: Սփյուռքում ինձ հանդիպած հայերը նախ զարմանում էին, որ ֆիլմի ռեժիսորը թուրք է, ապա ասում, որ վաղուց էին սպասում նման բանի: Եղան դեպքեր, երբ ֆիլմի նկարահանման աշխատանքներում որոշ հայեր հրաժարվեցին ինձ հետ գործակցել՝ իմանալով, որ թուրք եմ: Իհարկե բոլորը չէ, մեծամասնությունն էլ չէ, բայց եղան այդպիսի մարդիկ: Դա ինձ համար ցավալի էր: Հայերը պիտի իմանան, որ մենք բոլորս չէ, որ ժխտում ենք ու մերժում: Ամեն հասարակությունում էլ և լավ մարդիկ կան, և վատ: Հույս ունեմ ֆիլմը հայերի մոտ թուրքերի նկատմամբ դրական տրամադրվածություն կստեղծի»,- մեջբերում է Panorama.am-ը Ermenihaber-ին հղումով:

«Սպի» ֆիլմի սցենարը հեղինակել են ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ու Մարտիկ Մարտինը: Գլխավոր հերոսի դերակատարն է ալժիրցի դերասան Թահար Ռահիմը: Ֆիլմում նկարահանվել են նաև Սիմոն Աբգարյանը, Արսինե Խանջյանը և այլք: 138 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմի պրոդյուսերական կազմը համալրում են Ռուբեն Դիշդիշյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել էր օգոստոսի 31-ին: Ֆիլմը պատմում է մարդինցի Նազարեթ Մանուկյանի, ում 1915 թվականին թուրք զինվորները մարդինցի մյուս հայ տղամարդկանց նման հավաքում են և տանում: Տարիներ անց իմանալով, որ դուստրերը ողջ են՝ ճանապարհվում է նրանց փնտրելու:

Հիշեցնենք, որ Ֆաթիհ Աքընի ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի 71-րդ միջազագային կինոփառատոնում: Իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղարտադրության ֆիմլի նկարահանումներն անցկացվել են Կանադայում, Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Ֆիլմի պրոդյուսերների թվում են Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսիսյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, ՖաբիենՎոնիերը:

Եղեռնի մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդը», նկարահանվել է 1919-ին Հոլիվուդում: Թեմային է անդրադարձել նաև կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը՝ 2002-ին նկարահանելով իր «Արարատը»: Թեմային անդրադարձ կան նաև Էլիա Քազանի «Ամերիկա, Ամերիկա» ու Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմերում: 2007-ին Բեռլինի կինոփառատոնում Տավիանի եղբայրները ներկայացրեցին թեմային անդրադարձող ևս մեկ ֆիլմ` «Արտույտների ագարակը»:

Կարդացեք նաև՝Ֆաթիհ Աքինի «Սպին». Լռության երդումը