5 դեկտեմբերի 2014 - 18:13 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մուշի հայկական թաղամասը կպաշտպանեն հետագա ավերումից. Տների 80%-ն արդեն ոչնչացված է

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական պատմական Մուշ քաղաքում «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության ստեղծած հանձնաժողովը «Քաղաքային փոխակերպում» խորագրով ուսումնասիրություն է անցկացրել հայկական պատմական թաղամասում, որտեղ վերջին շրջանում տներ էին ավերվել:

Հանձնաժողովի անդամներն այցելել են Մուշի հայկական թաղամասը, որը հնում անվանվել է «Ամրոց», ուսումնասիրել հայկական տների, եկեղեցու, այլ շինությունների վիճակը:

Աշխատանքներից հետո հանձնաժողովի անդամները կոչ են արել պահպանել այս շրջանի պատմությունը, որն ուրարտական շրջանից է գալիս:

Մուշ քաղաքի ամենահին կառույցներից մեկը համարվող հայկական Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը ևս այս թաղամասում է, ոչնչացման եզրին է: «Ակօսի» լրագրողն ավելի վաղ ահազանգել էր եկեղեցու իրավիճակի մասին, ինչից հետո նախկինում հայկական ընտանիքին պատկանող մի տուն և այդ եկեղեցին անցել են Էրզրումիի «Մշակութային արժեքների պահպանություն» կազմակերպության հովանավորության տակ: Այս ամենից հետո էլ, սակայն, եկեղեցին նույն անմխիթար վիճակում է:

Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցին Ցեղասպանությունից հետո վերածվել է մասնավոր սեփականության, գրում է Allturkey.am-ը:

2014-ին Թուրքիայում որոշել էին Մուշում քանդել նախկինում հայերին պատկանած 500 պատմական տուն՝ տեղում այլ շինություններ կառուցելու նպատակով։ Տեղի իշխանությունները ոչնչացրել էին տների 80 տոկոսը, սակայն ավելի ուշ որոշում է կայացվել դադարեցնել ապամոնտաժման աշխատանքը։

Մուշը քաղաք է Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի նահանգի Մշո գավառում։ Մուշի գավառի կենտրոնն էր ու հայոց թեմակալի աթոռանիստը։ Հիշատակվում Է նաև իբրև բերդ, ավան, գյուղաքաղաք և քաղաքագյուղ։ Մուշ անունը ստուգաբանվել և իմաստավորվել է ամենատարբեր ձևերով։ Ոմանք այն կապում են հնագույն Հայաստանի ցեղերի ու տեղանունների հետ (Մուշունի, Մուշկ և այլն), ոմանք հայերեն «մշուշ» - ի հետ, որով սովորաբար առավոտյան պատվում է ամբողջ Մուշի դաշտը։

ՖՈՏՈՇԱՐՔ