28 հունիսի 2006 - 14:48 AMT
Բուլղարիան միշտ ուրախ է աջակցել Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում
Բուլղարիան, ինչպես նաեւ ԵՄ անդամ մյուս երկրները շահագրգռված են, որ Եվրամիությունն ընդլայնվի դեպի Հարավային Կովկաս: Այդ մասին Երեւանում PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Բուլղարիայի վարչական կառավարման եւ վարչական բարեփոխումների նախարար Նիկոլայ Վասիլեւը: Նրա խոսքերով, Բուլղարիան, որպես ՆԱՏՕ-ի, եւ ապագայում որպես ԵՄ անդամ Հայաստանին ամենամոտ կանգնած երկիրն է: «Մենք մոտ ենք ոչ միայն աշխարհագրական առումով, հայ եւ բուլղար ժողովրդներին կապում է բազմադարյա բարեկամությունը: Բուլղարիան միշտ ուրախ է աջակցել Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում, քանի որ արդեն անցել ենք այդ ճանապարհը. մենք սխալներ ենք գործել եւ շատ բան սովորել, եւ այժմ հաճույքով մեր փորձը կփոխանցենք բարեկամ երկրին»,-նշել է նա: Նիկոլայ Վասիլեվը հաղորդել է նաեւ, որ հայ-բուլղարական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստում քննարկվել է համագործակցության հնարավարությունը ՀՀ ԱԳՆ-ի եւ Բուլղարիայի հրապարակային վարչարարության եւ եվրաինտեգրման ինստիտուտի միջեւ: «Ես շատ կարեւոր եմ համարում դա քաղաքական շփումների զարգացման եւ փորձի փոխանակման առումով` Հայաստանի եվրաինտեգրման գործում»,-ընդգծել է բուլղարացի նախարարը: