6 դեկտեմբերի 2014 - 13:45 AMT
«1915. Հայոց ցեղասպանություն». Հասան Ջեմալը Երևանում կներկայացնի իր գրքի հայերեն տարբերակը

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, դեկտեմբերի 11-ին Երևանում կներկայացնի Ցեղասպանության մասին իր «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի հայերեն տարբերակը, որը հրատարակել է «Հրանտ Դինք» հիմնադրամը: Շնորհանդեսը տեղի կունենա Սիվիլիթաս հիմնադրամի «Սարն ի վեր» նախագծի շրջանակում։

Հասան Ջեմալը 2008-ին Երևանում այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հուշամատյանում Ջեմալը գրել է. «Ժխտել Հայոց ցեղասպանությունը նշանակում է լինել մարդկայնության դեմ այդ հանցագործության հանցակիցը», ինչից հետո՝ 2012-ին տպագրել է «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը և այնտեղ նկարագրել իր անձնական փոխակերպումը մարդուց, որը մերժում էր Հայոց ցեղասպանությունը, մարդու, որն ընդունում է այն:

Նա բազմիցս հայտարարել է, որ մինչև 2015 թվականը Թուրքիան պետք է ճանաչի իր ոճրագործությունները և ներողություն խնդրի Ցեղասպանության համար հայ ժողովրդից: Ջեմալը նաև չի խուսափում հայտարարել, որ հայերը Անատոլիայի բնիկներն են:

«Նրանք ապրել են այստեղ անհիշելի ժամանակներից մինչև 1915 թվականը: Մինչև օրս Թուրքական Հանրապետությունը չհասկացավ ու չկիսեց նրանց՝ հողն ու գույքը կորցնելու ցավը: Երկու երկրների միջև սահմանը պետք է բացվի, դիվանագիտական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների»,-ասել է նա՝ հավելելով՝ կառավարությունը պետք է վերանայի իր վերաբերմունքը հայերի հանդեպ և նոր ու ճշմարտացի դասագրքեր գրի:

Հասան Ջեմալը հայտնի լրագրող և գրող է։ Երկար տարիներ աշխատել է որպես Թուրքիայի առաջատար թերթերի խմբագիր և սյունակագիր, մասնավորապես՝ եղել է «Ջումհուրիյեթ» (Հանրապետություն) օրաթերթի գլխավոր խմբագիրը, «Սաբահ» (Առավոտ) և «Միլլիյեթ» (Ազգ) օրաթերթերի գլխավոր սյունակագիրը: Հասան Ջեմալի լրագրողական աշխատանքում ծավալուն տեղ է գտել քրդական հարցը: Իր հոդվածների և հարցազրույցների համար Ջեմալն արժանացել է թուրքական կառավարության սուր քննադատությանը: