9 դեկտեմբերի 2014 - 18:50 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՀ նախագահն ու Ուրուգվայի փոխնախագահը՝ ԼՂ հիմանխնդրի և տնտեսական գործակցության մասին

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին:

Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին և փաստել, որ անցնող 2014 թվականը հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների զարգացման համար խոստումնալից ու կարևոր տարի է և այն, անկասկած, երկու երկրի փոխհարաբերություններն ավելի խորացնելու նոր հեռանկարներ է բացում:

Նախագահն ընդգծել է, որ պետականայցի ժամանակ ևս մեկ անգամ համոզվել է, թե Ուրուգվայում ինչպիսի հարգալից վերաբերմունք կա Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ և անկեղծ ցանկություն՝ բոլոր ոլորտներում միջպետական հարաբերություններն ու գործակցությունը զարգացնելու:

Դանիլո Աստորին էլ իր հերթին նշել է, որ իր երկրի ղեկավարության մեջ և հասարակության բոլոր շերտերում Հայաստանի նկատմամբ բարեկամական ջերմ վերաբերմունքն ամուր հիմքեր ունի: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-ուրուգվայական տնտեսական փոխգործակցությունն ընդլայնելու և զարգացնելու հնարավորություններին: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են միջպետական հարաբերություններում ակնհայտորեն մեծ դեր ունեցող խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը: Սերժ Սարգսյանը և Դանիլո Աստորին համակարծիք են եղել, որ երկու երկրի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեությունն ավելի է ամրապնդում առկա բարեկամությունը:

Նախագահը ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել Ուրուգվայի իշխանություններին և ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում դեռևս 1965-ին ունեցած ավանդի համար և ընդգծել, որ այդպիսով սկիզբ դրեց այդ ոճրագործության միջազգային ճանաչման գործընթացին՝ իր արձագանքը գտնելով ամբողջ աշխարհում:

Նախագահի խոսքով, ընդամենն օրեր առաջ հարավամերիկյան մեկ այլ երկրի՝ Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ երբ խոսքը գնում է միևնույն արժեքների վրա հիմնված բարեկամության մասին, ոչինչ ի զորու չէ խաթարել այն: Հանդիպմանը Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև ղարաբաղյան հակամարտության հարցում Ուրուգվայի հավասարակշիռ դիրքորոշումը:

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ համատեղ ասուլիսին Ուրուգվայի փոխնախագահ Դանիլո Աստորին հարցին՝ հնարավոր է՝ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցում էլ Ուրուգվայը լինի առաջինը, ինչպես Ցեղասպանության ճանաչման դեպքում, պատասխանել է, որ իր երկիրն աշխատում է այդ ուղղությամբ. «Մեր երկրի Կառավարությունը ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել այն երկրների հետ, որոնք ներգրավված են ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման մեջ»:

Դանիլո Աստորիին ընդունել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ նման այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել հայ-ուրուգվայական քաղաքական փոխգործակցության մակարդակը և ընդգծել տնտեսական բնագավառում կապերի սերտացման անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դանիլո Աստորին պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը երկու բարեկամ երկրի միջև տարբեր ոլորտներում գործակցության հետագա խորացման համար:

Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են տնտեսության տարբեր ոլորտներում կապերի խորացմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, կարևորվել է հայ-ուրուգվայական բիզնես ֆորումի անցկացումը, ինչը նոր թափ կհաղորդի փոխադարձ ներդրումների ներգրավմանը, համատեղ ծրագրերի իրականացմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Անդրադառնալով երկու ժողովուրդների միջև առկա բարեկամությանը՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար: Իր հերթին, Դանիլո Աստորին բարձր է գնահատել ուրուգվահայերի ներդրումն իր երկրի զարգացման գործում և նշել, որ նրանք արդյունավետ գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում և նպաստում Ուրուգվայի բարգավաճմանը:

Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտականհանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել են խորհրդարանական լսումներ «Աշխարհն առանց ցեղասպանությունների» խորագրով` նվիրված ցեղասպանությունների իրավական հարցերին, որի ընթացքում Ուրուգվայի հանրապետության փոխնախագահ, Ուրուգվայի սենատ Դանիլո Աստորին նշել է.

«Մենք պայքարում ենք, որ հիշողությունը վառ մնա, երբևէ այլևս չկրկնվի այն պատուհասը, որը բաժին հասավ հայ ժողովրդին: Առանց հիշողության կյանք չկա, առանց հիշողության չկա անցյալ, բայց առանց հիշողության չկա նաև ապագա: Շատ շնորհակալ եմ ինձ ընձեռնված այս հնարավորություն համար»,- մեջբերում է «Առավոտը»:

Ավելի ուշ Ուրուգվայի Սենատի նախագահ Դանիլո Աստորիի գլխավորած պատվիրակությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը ևս շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի իշխանություններին` Հայոց Ցեղասպանությունը աշխարհում առաջինը ճանաչելու և դատապարտելու համար` հավելելով, որ հայ ժողովուրդն առանձնահատուկ երախտագիտությամբ է գնահատում այս քայլը:

Իր հերթին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատի նախագահն ուրախություն է հայտնել համայն հայության հոգևոր կենտրոն այցելելու առթիվ` նշելով, որ դրանով նպատակ է հետապնդում զորացնել երկրների միջև նաև հոգևոր կապերը: Իր խոսքում Աստորին հաստատել է, որ հայերն Ուրուգվայի հասարակության մաս են կազմում և մեծապես նպաստում երկու երկրի միջև հարաբերությունների սերտացմանը:

Ամենայն Հայոց Հայրապետը և Ուրուգվայի Սենատի նախագահն անդրադարձել են աշխարհում հոգևոր արժեքների ամրապնդման անհրաժեշտությանը` դրանում կարևորելով նաև Եկեղեցու առաքելությունը: Ազատությունն ու խաղաղությունը նկատելով բարձրագույն արժեքներ` զրուցակիցները հաստատել են, որ միայն դրանց պահպանության և զորացման պարագայում է հնարավոր ունենալ մարդկության բարօրությունն երաշխավորող աշխարհ:

ՖՈՏՈՇԱՐՔ