10 դեկտեմբերի 2014 - 10:59 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արցախը տոնում է Անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրը

Արցախցիներն այսօր` դեկտեմբերի 10-ին, միանգամից 2 տոն են նշում` ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրը:

1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն պատմական իրադարձություն էր արցախցիների կյանքում, որը կանխանշեց երկրի հետագա զարգացման ուղին: ԼՂՀ-ում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ արցախահայությունը բացարձակ մեծամասնությամբ անկախ պետություն կերտելուն «այո» ասաց:

Ճիշտ է, արցախյան շարժումը սկսվել էր միացման գաղափարով, սակայն իրողությունն ինչ-որ տեղ պարտադրե կատարել այլ ընտրություն. եթե Արցախն իրեն հռչակեր Հայաստանի մաս, ապա միջազգային հանրության համար դա ընկալելի չէր լինի, ավելին՝ Հայաստանն անընդհատ դիվանագիտական հարվածներ կստանար:

15 տարի հետո` 2006 թվականին, նույն օրը, կրկին համաժողովրդական հանրաքվեի միջոցով արցախցիներն ընդունեցինք պետության ու հասարակության հիմնական օրենքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել օրվա առթիվ` նշելով, որ այն արցախցիների բազմադարյա պատմության մեջ մտել է որպես նոր ճանապարհի սկիզբ, որն ազդարարել է ժողովրդավարական սկզբունքների, համամարդկային ու ազգային արժեքների վրա հիմնված ազատ ու անկախ պետություն և քաղաքացիական հասարակություն կառուցելու արցախահայության անսասան որոշման մասին:

«Ինչպես 1991-ի Անկախության հանրաքվեն, այնպես էլ 2006-ի մեր երկրի հիմնական օրենքի` Սահմանադրության ընդունումը մեկ անգամ ևս վկայեցին, որ Արցախի ժողովուրդը վճռական է և պատրաստ պաշտպանելու իր շահերն ու ազատությունները, պաշտպանելու միջազգային իրավունքի նորմերին ու չափանիշներին համապատասխան:

Մեր ընտրած ճանապարհն այլևս անշրջելի է, քանի որ այն արդար է և սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ: Մենք պարտավոր ենք օր օրի ամրապնդել մեր պետականությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել մարդկանց կենսապայմանները: Պարտավոր ենք իրականություն դարձնել մեր ժողովրդի իղձերն ու ցանկությունները` հետևելով օրենքի տառին ու ոգուն և ստեղծելով ուժեղ իրավական պետություն:

Դա է Արցախի բարգավաճման և նրա միջազգային ճանաչման, առաջադեմ հանրությանն ինտեգրվելու մեր միակ ուղին: Եվ ուրախալի է, որ աշխարհում տարեցտարի աճում է Արցախի բարեկամների թիվը, ովքեր հարգում ու գնահատում են ժողովրդավարության ուղին բռնած մեր քաղաքացիների որոշումն ու ջանքերը: Դա շարունակական գործընթաց է, որն անպայման կհասնի իր տրամաբանական ավարտին, և Արցախն իր արժանի տեղը կզբաղեցնի ինքնիշխան ու զարգացած պետությունների շարքում»,- շեշտել է նախագահը` խաղաղություն մաղթելով և մեկ անգամ ևսշնորհավորելով բոլորին կարևորագույն պետական տոնի առթիվ:

ՖՈՏՈՇԱՐՔ