10 դեկտեմբերի 2014 - 14:49 AMT
Իսրայելը, Սինգապուրն ու ՀՀ-ն աշխարհի ամենառազմականացված երկրներն են. Ադրբեջանը 10-րդն է

Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնը (BICC) հերթական հետազոտությունն է հրապարակել մոլորակի ռազմականացվածության մակարդակի վերաբերյալ՝ Global Militarization Index 2014:

Նախորդ տարվա տվյալների (կամ հասանելի ամենաթարմ տվյալների) հիման վրա պատրաստված վարկանիշը հաշվի է առնում մի շարք ցուցանիշներ, ինչպես, օրինակ, ռազմական ծախսերի հարաբերակցությունն առողջապահության ու կրթության ոլորտների համեմատ ՀՆԱ-ում, բանակի քանակակազմն ըստ բնակչության քանակի, ծանր սպառազինությունների ծավալը: Վարկանիշում ներկայացված է 152 երկիր:

Առաջին տեղում Իսրայելն է, Սինգապուրը երկրորդն է, Հայաստանը՝ երրորդը: Տասնյակում են նաև Սիրիան, Ռուսաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Հորդանանը, Հունաստանն ու Ադրբեջանը: ԱՄՆ-ն՝ 31-րդն է, Չինաստանը՝ 89-րդ:

Իսրայելն ու Սինգապուրն արդեն մի քանի տարի շարունակ առաջին հորիզոնականներն են զբաղեցնում այս վարկանիշում: Հայաստանը 2012-ին հինգերորդն էր, 2013-ին չորրորդը, Ադրբեջանը նախորդ տարի 8-րդ հորիզոնականում էր:

Հեղինակները նշում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի ռազմականացվածության բարձր մակարդակը ուղկեցվում է ռուսական զենքի մատակարարումներով երկու երկրներին:

Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, երկրի զինանոցը հիմնականում բաղկացած է ռուսական և խորհրդային զենքից: Ադրբեջանը զենքի ու զինամթերքի 80 տոկոսը գնում է Ռուսաստանից: Սպառազինության առաքումների ծավալը մինչև տարեվերջ կարող է հասնել 5 մլրդ դոլարի: Վերջին տարիներին Ռուսաստանն Ադրբեջանին է վաճառել Т-90С տանկեր, զրահապատ մարտական մեքենաներ, «Мста-С» ինքնագնաց հրետանային սարքավորումներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Վենա» ինքնագնաց հրետանային համակարգեր, ТОС-1А կրականետ համակարգեր:

Բաքուն զենք է գնում նաև Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքիայից ու Իսրայելից: