11 դեկտեմբերի 2014 - 11:06 AMT
Արդեն պատրաստ է ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագրի նախագիծը

Պատրաստ էԵվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագրի նախագիծը:

«Ընդհանուր առմամբ ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագրի նախագիծը պատրաստ է: Եվրասիական տնտեսական միության ընդլայնումը, ընդհանուր տնտեսական տարածքի ընդլայնումից բացի, ապահովում է ինտեգրացիոն միավորման գրավչությունը, լրացուցիչ կայունություն անդամ երկրների տնտեսական զարգացման առումով»,-հայտարարել է Ղրղզստանի վարչապետ Բակիտժան Սագինտաևը, հայտնում է Kapital.kz-ը:

Սագինտաևը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվել են ՄՄ և Միասնական տնտեսական տարածքի գործունեության, ԵՏՄ կազմավորման առավել ակտուալ հարցերը:

Առանձին որոշումներ են ընդունվել, ուղղված ստեղծվող ԵՏՄ մարմինների գործունեության արդյունավետ ձևավորմանը: Մասնավորապես, հավանության է արժանացել 2015-ի միության բյուջեն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ղրղզստանը դեկտեմբերի 23-ին մտադիր է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու մասին պայմանագիրը և կառավարությունն աշխատում է պայմանագրի դրույթների վրա, ելնելով երկրի շահերից:

Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագիրը:

Ըստ պայմանավորվածությունների, Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ կդառնա 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում:

Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանը ներկայացրեց ԵՏՄ-ին ՀՀ միանալու մասին օրինագիծը: ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»:

Photo: Kapital.kz