11 դեկտեմբերի 2014 - 20:38 AMT
ՀՀ և Վրաստանի վարչապետներն անդրադարձել են տնտեսական, տրանսպորտային և ինտեգրացիոն հարցերին

Հայաստանի և Վրաստանի վարչապետների գլխավորած կառավարական պատվիրակությունների մասնակցությամբ Վրաստանի կառավարությունում այսօր՝ դեկտեմբերի 11-ին, երկկողմ բարձր մակարդակի բանակցություններ են եղել: Երկու երկրի կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որտեղ քննարկվել են երկկողմ տնտեսական գործակցության օրակարգային հարցերը, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և առևտրատնտեսական կապերն ավելի սերտացնելու հեռանկարները, տեղեկացնում է գործադիրի մամուլի ծառայությունը:

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ բարձրաստիճան պաշտոնական հաճախակի փոխայցերը վկայում են հայ-վրացական քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին և նպաստում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Իր հերթին Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ իր երկիրը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ գործակցության հետագա խորացումը և զարգացումը:

Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք իրացումը և այդ համատեքստում անդրադարձել առաջիկա անելիքներին: Երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալն ավելացնելու համար կողմերն անհրաժեշտ են համարել ներդրումային նոր ծրագրերի իրականացումը և հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը:

Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել են նաև տարբեր ինտեգրացիոն միավորումներին երկու երկրի անդամակցության հարցին: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը շուտով կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, սակայն միաժամանակ շարունակելու է ակտիվ գործակցել Եվրոպական միության հետ բոլոր հնարավոր ուղղություններով: Հովիկ Աբրահամյանի խոսքով` ՀՀ-ն կարևորում է ԵՄ հետ առկա բազմաթիվ համատեղ ծրագրերի և բարեփոխումների շարունակական իրականացումը:

Նշվել է նաև, որ տարբեր ինտեգրացիոն միավորումներին անդամակցությունը պետք է ծառայի երկու երկրի տնտեսությունների զարգացմանը, գործարար միջավայրի համար նոր հնարավորությունների ստեղծմանը և չխոչընդոտի հայ-վրացական քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի սերտացմանը:

Գոհունակությամբ նշելով տրանսպորտային հաղորդակցության, ենթակառուցվածքների բարելավման, էներգետիկայի, հումանիտար և մշակութային ոլորտներում ծավալված գործակցության ընթացքը` զրուցակիցներն անդրադարձել են նշված յուրաքանչյուր բնագավառում իրականացվող ծրագրերին: Մասնավորապես, կարևորվել է Բագրատաշեն, Բավրա և Գոգավան սահմանային անցակետերի շինարարության ու արդիականացման, ինչպես նաև Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում նոր` «Բարեկամության» կամուրջի շինաշխատանքների շարունակականությունը: Ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգման առումով ՀՀ վարչապետը մեծապես կարևորել է Վերին Լարսի սահմանային անցակետի անխափան գործունեությունը:

Երկուստեք ընդգծվել է էներգետիկ ոլորտում Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման կարևորությունը, որի ֆինանսավորման համաձայնագիրն ստորագրվել է դեկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարարության և գերմանական KfW բանկի միջև:

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման համար KFW բանկը Հայաստանին տրամադրելու է 85.2 մլն եվրոյի վարկ` 75 մլն եվրո սեփական և 10.2 մլն եվրո` Գերմանիայի տրամադրած ֆինանսական միջոցներից:

Ծրագրով նախատեսվում է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանին մոտ` Այրումում տեղակայվող բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: Ծրագրի շրջանակում նոր ենթակայանի և հոսանքագծի կառուցման շնորհիվ Հայաստանը և Վրաստանը կաշխատեն միևնույն ռեժիմում, ինչը հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի պակասուրդի դեպքում ներմուծել, իսկ ավելցուկի դեպքում` արտահանել էլեկտրաէներգիա:

Կարևորելով Երևան-Թբիլիսի և Երևան-Բաթումի կանոնավոր չվերթերի գործարկումը` Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանձնարարել են պատասխանատու մարմինների ղեկավարներին քննարկել չվերթերի վերսկսման լուծումները:

Հայկական կողմը բարձրացրել է ՀՀ քաղաքացիների՝ 90 օրից ավելի Վրաստանի տարածքում գտնվելու հարցը, որի հետ կապված խնդիրներ են առաջացել: Տեղեկացնելով, որ Վրաստանի միգրացիոն քաղաքականության օրենսդրությունում կատարվել են համապատասխան փոփոխություններ, վրացական կողմը բանակցությունների ընթացքում խոստացել է, որ մինչև 2015-ի առաջին եռամսյակի ավարտը բարձրացված բոլոր խնդիրներին լուծում կտրվի օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար:

Պատմամշակութային կապերի սերտացման համատեքստում զրուցակիցները կարևորել են մշակութային հարուստ ժառանգության պահպանումը և վերականգնումը: Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի վերանորոգման նպատակով 2015-ի բյուջեով միջոցներ նախատեսելու համար:

Հովիկ Աբրահամյանն Իրակլի Ղարիբաշվիլիին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015-ի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: Քննարկվել են տարածաշրջանային գործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: