12 դեկտեմբերի 2014 - 10:45 AMT
Ադրբեջանը նորից խախտել է հրադադարը. Կիրառվել են գնդացիրներ և դիպուկահարներ

Դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը մոտ 204 անգամ խախտել է հրադադարը, որի ընթացքում արձանագրվել է ավելի քան 2200 կրակոց: Մասնավորապես, առաջնագծի արևելյան ուղղությամբ հակառակորդը 82 և 60 մմ ականանետից կրակել է 24 անգամ:

Հակառակորդն առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև դիպուկահարներ (144 կրակոց), գնդացիրներ (820 կրակոց) և այլ հրաձգային զինատեսակներ:

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումներն ըստ անհրաժեշտության ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ և իրադրությունը պահել վերահսկողության տակ, տեղեկացնում են ՊԲ-ից:

Tert.am-ը գրում է, որ Արցախից ստացված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը նաև ականանետեր է կիրառել։

Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։ Պատասխան կրակից ադրբեջանական կողմն ունի մի քանի զոհ, որոնց մասին լուրերը թաքցնում է։

Դեկտեմբերի 8-ինԼեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղարԴավիթ Բաբայանը տեղեկացրել էր, որ շփման գծում ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողության փորձ է արել, որի արդյունքում կորուստներ է տվել և հետ է շպրտվել:

Նույն օրը շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Գարիկ Իսպիրյանը:

Ամռանը հակառակորդի գործողություններն աննախադեպ էին 90-ականներից ի վեր։ Հայկական ստորաբաժանումներն այդ ըթացում կանխել էին 20-ից ավելի դիվերսիա։ Հակառակորդի նպատակն էր ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև` ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 18.000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը 13.000 էր: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների էր դիմում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։