13 դեկտեմբերի 2014 - 15:03 AMT
ԶԼՄ-ներ. Ղազախստանը փորձում է խափանել Մոսկվայի «աշխարհաքաղաքական ռևանշը»՝ դեմ լինելով նաև միասնական արժույթին

Տարաձայնությունները Եվրասիական տնտեսական միության շրջանակում առկա էին ստեղծման պահից, քանի որ եթե Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկում էր կազմակերպությունը որպես իրավահավասար գործընկերների միություն, ապա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ի դեմս դաշինքի տեսնում է ռուսական գերիշխանության վերականգնման գործիք և ՌԴ գերազանցության ցուցադրում ներքին լսարանի առջև՝ մարող տնտեսական բարգավաճման ֆոնին:

Ինչպես գրում է The Diplomat-ը, Ղազախստանը (ավելի նվազ ջանքերով նաև Բելառուսը, Հայաստանն ու Ղրղզստանը) անում է ամեն ինչ խափանելու համար Մոսկվայի աշխարհաքաղաքական ռևանշի փորձը՝ ձախողելով պաշտպանական միասնական քաղաքականության ջանքերը կամ միության շրջանակում եվրասիական խորհրդարանի գաղափարը:

Այդպիսի դիմակայության վերջին օրինակը տարաձայնություններն էին ԵՏՄ միասնական արժույթի շուրջ: Ինչպես նախկինում միասնական անձնագրերի ներմուծման հարցում, այժմ էլ Ղազախստանը դեմ է այս նախաձեռնությանը, գրում է պարբերականը: Կրկին ու կրկիան անգամ ՌԴ պաշտոնյաները հայտարարում են միասնական արժույթի անհրաժեշտության մասին, իսկ Ղազախստանի պաշտոնյաները հայտարարում են, որ նույնիսկ պաշտոնական բանավեճ այս հարցի շուրջ չի եղել: «Ռուսաստանի պաշտոնյաներն, այնուամենայնիվ, կարծես, չեն հասկանում այդ ակնարկները և տրամադրված են շարունակելու ԵՏՄ շրջանակում միասնական արժույթ ունենալու գաղափարի լոբբինգը»:

Ռուսաստանի Ազգային վճարային խորհրդի նախագահ Ալեքսանդր Մուռիչովը վերջերս կրկին հայտարարեց «Իզվեստիա» թերթին, որ միասնական արժույթի ստեղծումը գործնականում որոշված հարց է: Բացի այդ, նա խոսեց դոլարի և եվրոյի արգելման և միասնական վճարային համակարգի ստեղծման մասին, ինչն ապագայում թույլ կտա արագ անցնել միասնական արժույթի: Դաշնության խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի անդամ Եվգենի Տարլոն նույնպես սատարեց դոլարն ու եվրոն արգելելու գաղափարին:

Ղազախստանի պատասխանը կոշտ էր. Ձեռներեցների ազգային պալատը հայտարարեց, որ ԵՏՄ մասին պայմանագիրը չի ենթադրում, որ անդամները պետք է հրաժարվեն օտար երկրների արժույթներից մասնակից երկրների ներկայացուցիչների միջև գործարքներում: Մեկնաբանեց իրավիճակը նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ հայտարարելով, թե չի նախատեսվում հրաժարավել դոլարից ու եվրոյից:

Միասնական արժույթի ներմուծման հավանականությունն ավելի մեծ կլիներ, եթե այն միայն Ռուսաստանն առաջ չտաներ, և եթե չլինել Ղազախստանի դիմադրությունը: Այս միտումը դժվար թե փոխվի տեսանելի հեռանկարում: Բացի այդ, ռուբլու հետ մեկտեղ թուլանում է նաև ղազախական տենգեն: «Հնարավոր է, որ Ռուսաստանը կապի միասնական արժույթի առաջարկը «ԱՄՆ մոտալուտ փլուզման հետ», սակայն Ղազախստանը, հավանաբար, կգերադասի այդ ռիսկը մի երկրի տնտեսության հետ իր արժույթի կապվածությանը, որն ինքն իրեն ռեցեսիայի մեջ է քաշում»,-եզրակացնում է պարբերականը:

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարեց, որ Մինսկը դեմ չէ միասնական արժույթին, եթե թողարկման հարցում անդամ երկրները հավասարազոր լինեն, և որ էմիսիոն կենտրոնի անկախության հարցը քննարկվում է Եվրասիական տնտեսական միության անդամների կողմից: Իսկ ըստ ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովի գնահատականի, միասնական արժույթի ներմուծումն անխուսափելի է, թեև, հավանաբար, դրա համար 5-10 տարի կպահանջվի: