13 դեկտեմբերի 2014 - 15:28 AMT
Մերկելը կողմ է ԵՄ և ԵՏՄ շփումներին ու առևտրային հարաբերությունների հաստատմանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսաուղերձում հայտարարել է, որ Եվրամիությունը շահագրգիռ է պահպանելու լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Մենք ևս կցանկանայինք լավ գործընկերային հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ»,-ասել է նա, պատասխանելով հարցին, թե ինչպես է ԵՄ-ն վերաբերվում ՌԴ «շատ մեծ ազդեցությանը» Հունգարիայի, Թուրքիայի և Սերբիայի վրա: Ըստ կանցլերի, ԵՄ մերձեցումն Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի հետ «ուղղված չէ Ռուսաստանի դեմ», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Վեստի.ռու-ի հաղորդագրության, Անգելա Մերկելը նաև կողմ է արտահայտվել շփումների հաստատմանը ԵՄ և Եվրասիական տնտեսական միության անդամների միջև: Մերկելը կարևորում է առևտրային հարցերի շուրջ երկխոսությունը Ռուսաստանի և ԵՄ միջև կամ ԵՏՄ ու ԵՄ միջև:

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը նոյեմբերի 25-ին հայտարարեց, որ նախարարությունը նամակ է հղել Եվրահանձնաժողովին, առաջարկելով նոր երկխոսություն սկսել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Եվրամիության միջև էկոնոմիկայի և գործարար գործակցության վերաբերյալ:

«Մենք պետք է ինտեգրացիոն ապագա որոնենք Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության միջև: Ահա հիմա ձևովորվել է Եվրոպական ընկերակցության նոր հանձնաժողովը, մենք հուսով ենք, որ մեր երկխոսությունը կակտիվանա, մենք մեր եվրոպացի գործընկերների համար կազմել ենք օրակարգի մեր տեսլականը: Ես համապատասխան նամակ եմ հղել Եվրահանձնաժողովին»,-ասել է նախարարը:

Նա պարզաբանել է, որ խոսքը գնում է միասնական տարածքի ձևավորման մասին առանց բաժանարար գծերի, ձեռներեցության զարգացման մասին, Ռուսաստան-ԵՄ երկխոսության վերսկսման, ինչպես նաև «Գործընկերություն արդիականացման համար» նախագծի շրջանակում գործակցությունը շարունակելու վերաբերյալ: Ի պատասխան ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է ԵՏՄ հետ երկխոսության:

Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագիրը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում:

Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանը ներկայացրեց ԵՏՄ-ին ՀՀ միանալու մասին օրինագիծը: ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»: