15 դեկտեմբերի 2014 - 17:17 AMT
Հայ մասնագետները մասնակցել են Ամենհոտեպ III արձանի վերականգնմանը

Եգիպտական Լուքսորում նշել են Ամենհոտեպ III փարավոնի հսկայական 14-մետրանոց արձանի վերականգնումը: Այն հայտնաբերվել էր Նեղոսի արևմտյան ափին երկրաշարժից հետո: Հնագետները վերականգնել են այն 88 բեկորից:

«Քիչ էր մնում կորցնեինք արձանը: Այդ բեկորները դաշտերում էին գտնվում, և մենք պահպանեցինք դրանք: Երկրորդը՝ դա կանգնած փարավոնի ամենաբարձր արձանն է»,-ասել է հնագետ Հուրիկ Սուրուզյանը:

3000 տարեկան քարակերտ արձանի վերականգնումը բավականին բարդ գործ էր: «Արձանի մի մասը շատ վատ վիճակում էր, քանի որ գտնվել է ջրի տակ: Դա առաջին բարդությունն էր, մյուսն այն էր, որ այն քանդվել է նաև մարդկանց մասնակցությամբ: Արձանը բազմաթիվ ճագեր ուներ, որոշ հատվածներ բացակայում էին, հատկապես սակավ էին ոտքերի մասի բեկորները»,-պատմում է հնագետ Միգել Անխել Լոպեսը:

Վերականգնված արձանը տեղադրվել է Ամենհոտեպ III մեկ այլ արձանի հարևանությամբ, որը կես մետրով ցածր է: Այդ արձանը նույնպես փլուզվել էր երկրաշարժի ժամանակ, այն նույնպես վերականգնվել էր ընթացիկ տարում, հայտնում է Ntdtv.ru-ն:

Հայտնի «Մեմնոնի կոլոս» կոթողի երկու արձանները ևս պատկերում են Ամենհոտեպ III փարավոնին, սակայն այնտեղ փարավոնը ներկայացված է նստած դիրքով:

Ըստ Միգել Անխել Լոպեսի, «նրանց արվեստը կատարյալ է, այն զուգընթաց է տեխնիկական նվաճումներին: Նրանք կառուցել են այս հսկայական արձանները, դեմքն են քանդակել: Նրանք հիանալի դամբարաններ ունեն գեղեցիկ պատկերներով: Դա իրոք բարձր գեղարվեստական վարպետություն էր պահանջում»:

Եգիպտոսի իշխանությունները հուսով են, որ վերականգնված քարե արձանները հերթական գրավիչ խայծը կդառնան զբոսաշրջիկների համար:«Այդ աշխատանքները կյանքի են կոչում տաճարը, ուստի այստեղ կարող է թանգարան հայտնվել: Դրանք համալրում են եգիպտական հնություններն ու տնտեսական խթան են զբոսաշրջության համար»,-հայտարարել է Եգիպտոսի հնությունների նախարար Մամդուհ ալ Դամատին:

Լուքսորի հնագիտական պեղումներն արդեն 16 տարի շարունակ իրականացնում է մասնագետների բազմազգ թիմը՝ բաղկացած իսպանացիներից, գերմանացիներից, հայերից և ճապոնացիներից:

Ամենհոտեպ III Հին Եգիպտոսի փարավոններից է, նա իշխել է 1388-1351 տարիներին մեր թվարկությունից առաջ, պատկանում է XVIII տոհմին: Նա Թութմոս IV և Մուտեմույեի որդին էր:

Ամենհոտեպ III համարվում է Եգիպտոսի լավագույն շինարար փարավոններից մեկը: Հզորացման և ծաղկման ժամանակաշրջանը Եգիպտոսի համար շարունակվեց Ամենհոտեպ III-ի երեսուներկուամյա կառավարման ընթացքում պահպանելով Թութմոս III կատարած նվաճումները:

Չնայած նրա կառավարման տարիների մասին բավականին հարուստ տեղեկություններին, նրա անձը դեռ խորհրդավոր ու հակասական է մնում: Մի կողմից նա եռանդով հարգում էր ավանդական եգիպտական աստվածներին և ճոխ դամբարաններ էր կառուցում նրանց համար, մյուս կողմից հենց նրա դարաշրջանում, երբ արքայական ինքնաաստվածացումը հսկայական չափերի հասավ, սկիզբ առավ Ամառնայի բարեփոխումը:

Photo: AFP