16 դեկտեմբերի 2014 - 11:12 AMT
Իսպանացի պատգամավորները քննադատում են ԵՄ և ԵԱՀԿ-ին Ղարաբաղի հարցում անպատասխանատու մոտեցման համար

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինարիտուն և սենատոր Ուրկո Անարցան հոդված են հրապարակել նվիրված ղարաբաղյան հիմնախնդրին: Հոդվածը խոսուն վերնագիր ունի՝ «Միջազգային հումանիտար գործակցությունn «ինքդ լուծիր քո հարցերը» ոճով Լեռնային Ղարաբաղում»: Հոդվածը հրապարակվել է New Eastern Europe կայքում:

Իսպանացի խորհրդարանականները, որոնք բասկեր են ազգությամբ, մեղադրում են միջազգային հանրությանը, մասնավորապես Եվրամիությանն ու ԵԱՀԿ-ին, որոնք խուսափում են կոշտ գնահատականներից ու կոնկրետ մեղավորներին նշելուց հակամարտության գոտում միջադեպերի ժամանակ:

Ըստ իսպանացի օրենսդիրների, միջազգային հանրության իներտ դիրքորոշումը ստիպում է կողմերին ինքնուրույն լուծել խնդիրները, իսկ դրանից խուսափել է պետք:

Հոդվածում նաև անդրադարձ կա վերջին միջադեպերին՝ ԼՂՀ ՌՕՈւ ուղղաթիռի խոցմանը, ամառային սրացմանը, և ասվում է, որ նման իրավիճակը առաջին անգամ է գրանցվում 1994 թ. հրադադարից հետո:

Ներկայացնելով իրավիճակը՝ հոդվածի հեղինակներն առաջին հերթին հիշատակում են ՀՀ և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումները, որտեղ հաստատվել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամությունը, իսկ հետո նշում են, որ «միջազգային հանրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը չափից շատ նրբանկատ լեզու են ընտրել խոցված ուղղաթիռի մասին խոսելիս»:

«Ակնհայտ փաստերի մատնանշումից խուսափելն ամրացնում է Ադրբեջանի հավատը, որ վերջինս ճիշտ է գործում՝ կանոնավոր հրտեակոծությունների, հրադադարի ռեժիմի խախտումների ու հետևողական սպառնալիքների դիմելով: Այսպիսով, Ալիևի ռեժիմը ճիշտ համարեց արգելել Կարմիր խաչի ներկայացուցիչներին տարհանել ուղղաթիռի անձնակազմի դիերը և թույլ չտալ ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների այցը դեպքի վայր: Նման անպատասխանատու դիրքորոշումը կարող էր միայն ծանր հետևանքների հանգեցնել»,-ասվում է հոդվածում:

Նրանք նաև մատնանշում են ԼՂՀ ՊԲ գրագետ գործողությունները, հատուկ գործողության անցկացումը, վրեժից ու իրավիճակն էլ ավելի սրելուց հրաժարվելը՝ նշելով, որ այս ամենը կանխեց լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը, որը կարող էր աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի և նավթի առաքումներից կախում ունեցող Արևմուտքի համար:

«Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդպես կլինի նաև հաջորդ անգամ»,-զգուշացնում է հոդվածի հեղինակը՝ նշելով, որ այս համատեքստում հակամարտության կողմերի միջև հավասարության նշան դնող բառապաշարի օգտագործումը Եվրամիության ու ԵԱՀԿ ՄԽ կողմից, անհամարժեք է:

«Միջազգային հանրությունը պետք է ավելի հստակ խոսի, հակառակ դեպքում, դա վրդովմունք կառաջացնի և, ինչն առավել վտանգավոր է, անարդարության ու լքվածության զգացողություն կսերմանի՝ ճանապարհ հարթելով մի սկզբունքի համար, որից մենք ձգտում ենք խուսափել, այն է՝ «ինքդ լուծիր քո հարցերը», ասվում է հոդվածում, հայտնում է Panorama.am-ը:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Նոյեմբերի 22-ի առավոտյան հայտնի դարձավ, որ, հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Դեպքի վայրից տարհանվեցին ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Հատուկ գործողության արդյունքում, որը Երևանում և Ստեփանակերտում փայլուն անվանեցին, ԼՂՀ ՊԲ-ն կորուստներ չի կրել: