16 դեկտեմբերի 2014 - 14:06 AMT
Ղրիմահայերը կբողոքարկեն. Կերչի հայկական եկեղեցու մի մասում գործարարը մտադիր է բար բացել

Ղրիմի հայ համայնքը մտադիր է բողոքարկել դատախազությունում Կերչի քաղաքապետարանի որոշումը, որը մասնավոր անձանց է փոխանցել Սբ Հրեշտակապետաց եկեղեցու մի մասը՝ պահարանը: Այդ մասին հայտնել է Ղրիմի հայերի ընկերակցության նախագահ Վաղարշակ Մելքոնյանը:

Ըստ նրա, եկեղեցու հատվածը ձեռնարկատիրոջն են փոխանցել ապօրինաբար: Համայնքը պահանջում է քրեական գործ հարուցել այդ փաստով:

Կերչի Սբ Հրեշտակապետաց հայկական եկեղեցին միակն է քաղաքում: Այն կառուցվել է XIX դարի սկզբին և գործել է մինչև 1928 թվականը: Աշխարհիկ իշխանությունները վերածեցին այն գիշերօթիկ դպրոցի, հետո այնտեղ կինոթատրոն էր գործում: Այժմ եկեղեցին փոխանցվել է կրոնական համայնքին:

Ինչպես պատմեց Կերչի հայերի ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Գագիկ Զուրաբյանը, ավելի վաղ տեղական իշխանությունները վարձակալության էին տվել տարածքը գործարար Ստանիսլավ Շևչենկոյին, որը մտադիր է բար բացել այնտեղ:

Զուրաբյանը նշեց, որ գործարարի և Կերչի հայ համայնքի դիմակայությունը 10 տարվա պատմություն ունի: Նախկինում հավատացյալները դիմել են Ղրիմի կառավարությանը՝ պահանջելով վերադարձնել պաշտամունքային շինությունը և Նախարարների խորհուրդն, ըստ Զուրաբյանի, 2002 թ. հանձնարարեց քաղխորհրդին փոխանցել այն հայ համայնքին, սակայն դա տեղի չունեցավ:

Հավատացյալները բետոնապատեցին մուտքը և թույլ չէին տալիս ձեռնարկատերին մտնել տարածք: Շևչենկոն դատի տվեց նրանց, Ղրիմի առաջին ատյանի դատարանը բավարարեց հայցը: Զուրաբյանը նշել է, որ արդեն ռուսական վերաքննիչ դատարանը չեղյալ հայտարարեց հայցն ու փակեց գործը, սակայն համայնքին տարածքը դեռ չի վերադարձվել:

Գործարարն առաջարկել է հայերին գնել տարածքը, սակայն պայմանավորվածության հասնել չի հաջողվել: Հավատացյալները ակնկալում են, որ իշխանությունները կպետականացնեն այն ու կհանձնեն հայ համայնքին, հայտնում է «Նովոստի Կռիմա» պարբերականը:

Ղրիմում հաստատված հայերի համայնքներից մեկը ձևավորվել է Կերչում (Պանտիկապեոն) քաղաքում։ Ջենովացիների առևտրական գաղութատիրության շրջանից սկսած հայերը կարևոր դեր են խաղացել Հյուսիսային Կովկասի, հատկապես Չերքեզիայի հետ կատարվող առևտրում։ Ռուսաստանին միանալուց հետո այստեղ հայերի թիվն ավելացել է` 20-րդ դարի սկզբին հասնելով մոտ 1600-ի։

19-րդ դարում Կերչը վերածվում է Ռուսական կայսրության առևտրական խոշոր կենտրոնի։ Տեղի հայերի միջոցով էլ իրականացվում է Ազովի ծովի ավազանի երկրների և արտասահմանի հետ կատարվող առևտրի նկատելի բաժինը։ 19-20-րդ դդ. Կերչի հայկական համայնքում գործել է հայկական եկեղեցի, ծխական դպրոց, հոգաբարձություն։ Իսկ 1990թ. սկսվել է 1944թ. արտաքսված հայերի վերադարձը Կերչ։ Այսօր համայնքում գործում է կիրակնօրյա դպրոց և Ղրիմահայոց ընկերության տեղական բաժանմունքը։

Photo: Shukach.com