30 հունիսի 2006 - 18:54 AMT
Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ անհնարին է քրեական գործ հարուցել
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II -ի դեմ անհնարին է քրեական գործ հարուցել, քանի որ նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` մեկնաբանլեով այն տեղեկատվությունը, որ Ստամբուլի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, եւ գոյություն չունի որեւէ համաձայնագիր, ըստ որի, նա կարող է դատին հանձնվել: «Թուրքիայի որոշ քաղաքական շրջաններ գնդացիրից ճնճուղկների են կրակում, սակայն դրանից, որպես օրենք, ոչինչ չի ստացվում»,-ընդգծել է նա:

Խոսելով Կոստանդնուպոլսի պատրիարքի այն հայտարարության մասին, որ «նա չի կիսում Գարեգին II-ի կարծիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»` Մանոյանը նկատել է, արքեպիսկոպոսը չէր կարող այլ կերպ վարվել: Միեւնույն ժամանակ, «Հայ Դատի» գրասենյակի ղեկավարն ընդգծեց, որ Մութաֆյանի հայտարարությունը այն մասին, որ այդ հարցը պետք է դիտարկվի պատմաբանների եւ հասարակական գործիչների կողմից, հաստատում է, որ Թուրքիայի հայ համայնքի հոգեւոր առաջնորդը չի կիսում նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական տեսակետը: