17 դեկտեմբերի 2014 - 16:10 AMT
Իսրայելի Հայոց ցեղասպանության 100-ամյակի կոմիտեն տարելիցին նվիրված կայք է բացել

Իսրայելի Հայոց ցեղասպանության 100-ամյակի կոմիտեն նախաձեռնել և իրականացրել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված կայքի գործարկման նախագիծը: Կայքի նպատակն է իրազեկել Իսրայելի հանրությանը XX դարասկզբի ողբերգության մասին:

Իսրայելում «Նոյան տապան» հայ մշակույթի կենտրոնի մամուլի քարտուղար Մենդել Կորսունսկին հուսով է, որ Իսրայելի բնակչության շրջանում տեղի ակադեմիայի և մտավորականության հետ համատեղ աշխատանքն արդյունքում իր ազդեցությունը կունենա Իսրայել պետության կառավարության դիրքորոշման վրա այս հարցում, հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:

genocide.org.il կայքը երկլեզու է՝ ռուսերեն և իվրիտ, որպեսզի Իսրայելի բնակչության բոլոր շերտերը կարողանան ծանոթանալ այս թեմային: Կայքը պարբերաբար կթարմացվի:

2015-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ կանցնեն ամբողջ աշխարհում: Հոկտեմբերի սկզբին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն վավերացրել է 2015-ին Փարիզում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի, տեղեկատվական և ժխտողականության դեմ ուղղված միջոցառումներ իրականացնելու մասին քաղաքապետարանի ուղերձը:

Փարիզի քաղաքապետարանի ցուցասրահում 2015-ի առաջին կեսին Հայոց ցեղասպանությանը նվիրված մեծ ցուցահանդես կկայանա, որի առթիվ Փարիզ պետք է տեղափոխվեն Երևանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուները:

Ազգային կրթության գերատեսչության հետ գործակցությամբ պետք է կազմակերպվեն ուսումնադաստիարակչական աշխատանքներ՝ Փարիզի հանրակրթական հաստատություններում, Հայոց ցղասպանության, Ցեղասպանությունից մազապուրծ հայ համայնքի պատմության մասին, որպեսզի խրախուսվի Փարիզի և հատկապես 9-րդ թաղամասի պատմության անբաժանելի մասի նկատմամբ հետաքրքրությունը:

2015-ի ապրիլի 24-ի կղողանջեն Գերմանիայի բոլոր եկեղեցիների զանգերը:

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին Ֆրեզնոյում (Կալիֆորնիա), հաղորդում է Asbarez-ը: Ճարտարապետական բետոնից ու տուֆից կառուցվող հուշարձանը կներկայացնի հայ ժողովրդի մշակութային խորհրդանիշները: Դրա հիմնական բաղադրիչներն ունենալու են շրջանաձև դասավորվածություն և դրվելու են որոշակի թեքությամբ` դեպի ներս, ինչը կհիշեցնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցվածքը: Ինը սյուները խորհրդանշելու են պատմական Հայաստանի վեց շրջանները, Կիլիկիան, Սփյուռքը և Հայաստանի Հանրապետությյունը: Վերևից սյուներն իրար կմիացնի թերի շրջանը` որպես ապացույց, որ թեև Հայոց ցեղասպանությունն անջնջելի սպի է թողել, հայ ժողովրդի միասնությունը չի խաթարվել: Հուշարձանի օծման արարողությունը նախատեսվում է անցկացնել 2015-ի ապրիլի 24-ին: Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսներ կբացվեն Հունաստանի, Կիպրոսի և այլ երկրների խորհրդարաններում: