Մարդինի ազգությամբ քուրդ համաքաղաքապետ Ահմեթ Թյուրքը Ստոկհոլմում անցկացվող սեմինարի ժամանակ ներողություն է խնդրել ասորիներից, եզդիներից և հայերից: Ըստ թուրքական Radikal լրատվական կայքի՝ Ահմեթ Թյուրքը հայտնել է, որ ցավում է 1915 թվականի ցեղասպանությանը որոշ քրդական ցեղախմբերի հանցակցության համար: Ըստ բանախոսի՝ քուրդ ժողովրդին օգտագործել են իսլամի անվան տակ:
Թյուրքը ելույթի ժամանակ նաև նշել է, որ ասորիները, հայերն ու եզդիները «Քուրդիստանի» իրական տերերն են և այն որքան քրդերի, նույնքան էլ այդ ժողովուրդների հողն է: Նա մեղադրանք է հնչեցրել առ այն, որ 1911 թվականի
«Միություն և առաջադիմություն»(İttihat ve Terakki Partisi) կուսկացության կայացրած որոշումները կիրառվել են Թուրքիայի հանրապետության ամբողջ տարածքում, և այդ ընկալումը շարունակվում է անգամ այսօր, հաղորդում է Ermenihaber-ը:
Թյուրքը հայտարարել է նաև, որ ավելի քան 30 տարի շարունակվող քրդական ազատագրական պայքարը ոչ միայն քրդերի, այլև Մերձավոր Արևելքի բոլոր ժողովուրդների ազատության պայքարն է:
Ստոկհոլմյան սեմինարին շվեդական Սիգտունա քաղաքապետարանի կողմից հրավիրված Մարդինի համաքաղաքապետեր Ահմեթ Թյուրքից, Ֆեբրունիե Աքյոլից բացի մասնակցել է նաև թուրք գիտնական Ռագըփ Զարաքոլուն:
Նոյեմբերի վերջին թուրք պատգամավորն առաջարկ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան՝ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը, մի շարք այլ վայրագություններ և պետական ահաբեկչության դրվագներ:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Սեբահաթ Թունջելն այս փաստաթղթով պահանջում է, որ նախագահ Էրդողանը ճանաչի և ներողություն խնդրի խորհրդարանում՝ Հայոց ցեղասպանության, Դերսիմի, Մարաշի, Սիվասի և Չորումի ջարդերի, 1980-ի սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջումից հետո զանգվածային կախաղանների, ինչպես նաև պետական տեռորի հետևանքով մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների համար:
Առաջարկվող բանաձևը նաև պահանջում է, որ Թուրքիայի նախագահն այցելի զանգվածային կոտորածների վայրերից մեկը, հրապարակավ կրկնի ներողությունը և ապրիլի 24-ը հայտարարի պաշտոնական սգո օր: Մեկ տարվա ընթացքում Խորհրդարանը պետք է ձևավորի Ճշմարտության հանձնաժողով և հրապարակի այս ոճրագործությունների վերաբերյալ պետական արխիվներում պահվող բոլոր փաստաթղթերը: Բացի այդ, բարոյական և նյութական փոխհատուցում պետք է տրամադրվի զոհերի ժառանգներին: