18 դեկտեմբերի 2014 - 15:50 AMT
Բելառուսի խորհրդարանը կքննարկի ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի հարցը դեկտեմբերի 19-ին

Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը մտադիր է քննարկել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացման հարցը, հայտնել է այդ երկրի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի մամուլի ծառայությունը:

«Ենթադրվում է, որ պատգամավորները կքննարկեն պայմանագրի վավերացման մասին հարցը դեկտեմբերի 19-ի նիստում»,-ասել է աղբյուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Մաժիլիսը, դեկտեմբերի 18-ի ընդլայնված նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի վավերացման մասին» օրինագծին:

Ազգային տնտեսության նախարար Երբոլատ Դոսաևը հիշեցրել է, որ ԵՏՄ-ին Երևանի միանալու մասին պայմանագիրը ստորագրել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու ՌԴ նախագահները 2014-ի հոկտեմբերի 10-ին:

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է ԵՏՄ անդամ և ստանձնում է պայմանագրով նախատեսված պարտավորությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին հսկայական նշանակություն ունի, քանի որ մենք համագործակցում ենք Հայաստանի հետ և դա նպաստում է մեր երկրների տնտեսական զարգացմանը: Հայաստանի անդամակցության շնորհիվ մենք նախատեսում ենք զարգացնել մեր օրենսդրական շահերը»,-ասել է Դոսաևը:

Դեկտեմբերի 17-ին ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ըստ փաստաթղթի, Հայաստանը միանում է ԵՏՄ մասին պայմանագրին, ինչպես նաև մյուս միջազգային փաստաթղթերին, որոնք կնքվել են Մաքսային միության շրջանակում, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագիրը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում:

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»: