19 դեկտեմբերի 2014 - 11:06 AMT
Հայկական խոհանոցը` France 2-ի հատուկ ռեպորտաժում

France 2 ֆրանսիական հանրային հեռուստաալիքը դեկտեմբերի 17-ի նորությունների թողարկման ժամանակ հայկական խոհանոցի առանձնահատկությունների մասին ռեպորտաժ է ցուցադրել:

Nouvelles d'Arménie-ի հաղորդմամբ, ֆրանսիական նկարահանող խումբն այցելել է Սևանի ափին բնակվող Մկրտչյանների ընտանիք, որը պատրաստվում է Ամանորին: Ընտանիքում ամեն մեկն իր հատուկ դերն ունի.

«Մենք հայկական խոհանոցի գաղտնիքները սովորեցնում ենք մեր դստրերին ու հարսներին: Նրանք կպահպանեն ավանդույթները, երբ մենք հեռանանք»,-ասել է ընտանիքի մայրը:

Ռեպորտաժում նշվում է, որ Հայաստանում իդեալական է համարվում այն սեղանը, որի վրա ուտելիքներից տեղ չկա. տոնական ուտեստների պատրաստումը սկսվում է վաղ առավոտից: Տատիկները հաց են թխում, իսկ տղամարդիկ խորոված անում:

«Երբ երիտասարդ կանայք պատրաստվում են ամուսնանալ, նրանք պիտի սովորեն 60 տարբեր բաներ անել՝ սեղան գցել, ուտելիք պատրաստել, գործել և այլն»,-ասել է Արթիկ Մկրտչյանը: Ըստ ռեպորտաժի հեղինակների, հենց այստեղ է երևում Մերձավոր Արևելքին մոտ լինելը: Նաև նշվում է, որ Հայաստանում Սուրջ Ծնունդն ավելի ուշ են նշում` հունվարի 5-ի երեկոյան:

Կարդացեք նաև`On The Road. CNN-ի հայտնի հաղորդաշարի հերթական կանգառը Հայաստանն էր