Ղազախստանի Սենատը ընդլայնված նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի վավերացման մասին» օրինագծին: Դեկտեմբերի 18-ին օրինագիծը հավանություն ստացավ Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատում՝ Մաժիլիսում: Այժմ համարվում է, որ փաստաթուղթն ընդունված է խորհրդարանի կողմից և արդեն օրենքի տեսքով կներկայացվի նախագահի ստորագրմանը, գրում է Ինտերֆաքսը:
Ղազախստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն այսօր կազմում է 7 մլն դոլար: ԵՏՄ-ին Հայաստանի միանալու հետ բանակցություններ կսկսվեն Առևտրի միջազգային կազմակերպության հետ ՀՀ սակագնային պարտավորությունները ԱՀԿ կանոններին համապատասխանեցնելու վերաբերյալ:
Դեկտեմբերի 17-ին ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ըստ փաստաթղթի, Հայաստանը միանում է ԵՏՄ մասին պայմանագրին, ինչպես նաև մյուս միջազգային փաստաթղթերին, որոնք կնքվել են Մաքսային միության շրջանակում, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագիրը:
Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին:
Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում:
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»: