19 դեկտեմբերի 2014 - 11:41 AMT
Մերկելը ԵՄ-ԵՏՄ տնտեսական երկխոսության պայման է համարում ուկրաինական ճգնաժամի կարգավորումը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եթե առաջընթաց արձանագրվի ուկրաինական կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնությունների կատարման գործում, հնարավոր կլինի բանակցել Եվրամիության և ԵՏՄ միջև ընդհանուր տնտեսական տարածքի մասին:

«Եթե մենք զգալի առաջընթաց տեսնենք Մինսկի արձանագրության 12 կետերի կատարման առումով, ապա, այո, մենք պետք է պատրաստ լինենք նման քայլերի, քանի որ Ռուսաստանն ու Ուկրաինան շատ կապված են տնտեսական առումով»,-պատասխանել է Մերկելը ԵՄ և ԵՏՄ տնտեսական գործակցության հնարավորության մասին հարցին:

«Կցանկանայի հավելել, որ մենք դեմ չենք մեծ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ աշխատելուն»,-ասել է Մերկելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Մերկելն արդեն կողմ արտահայտվել էր ԵՄ և ԵՏՄ ներկայացուցիչների միջև շփումներին: Մերկելը կարևորում է առևտրի շուրջ երկխոսության գաղափարը Ռուսաստանի և ԵՄ կամ ԵՏՄ և ԵՄ միջև:

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը նոյեմբերի 25-ին հայտարարեց, որ նախարարությունը նամակ է հղել Եվրահանձնաժողովին, առաջարկելով նոր երկխոսություն սկսել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Եվրամիության միջև էկոնոմիկայի և գործարար գործակցության վերաբերյալ:

«Մենք պետք է ինտեգրացիոն ապագա որոնենք Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության միջև: Ահա հիմա ձևովորվել է Եվրոպական ընկերակցության նոր հանձնաժողովը, մենք հուսով ենք, որ մեր երկխոսությունը կակտիվանա, մենք մեր եվրոպացի գործընկերների համար կազմել ենք օրակարգի մեր տեսլականը: Ես համապատասխան նամակ եմ հղել Եվրահանձնաժողովին»,-ասել է նախարարը:

Նա պարզաբանել է, որ խոսքը գնում է միասնական տարածքի ձևավորման մասին առանց բաժանարար գծերի, ձեռներեցության զարգացման մասին, Ռուսաստան-ԵՄ երկխոսության վերսկսման, ինչպես նաև «Գործընկերություն արդիականացման համար» նախագծի շրջանակում գործակցությունը շարունակելու վերաբերյալ:

Ի պատասխան ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է ԵՏՄ հետ երկխոսության:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին:

Դեկտեմբերի 19-ին Ղազախստանի Սենատը ընդլայնված նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի վավերացման մասին» օրինագծին:

ԵՏՄ-ին Հայաստանի միանալու հետ բանակցություններ կսկսվեն Առևտրի միջազգային կազմակերպության հետ ՀՀ սակագնային պարտավորությունները ԱՀԿ կանոններին համապատասխանեցնելու վերաբերյալ:

Դեկտեմբերի 17-ին ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ըստ փաստաթղթի, Հայաստանը միանում է ԵՏՄ մասին պայմանագրին, ինչպես նաև մյուս միջազգային փաստաթղթերին, որոնք կնքվել են Մաքսային միության շրջանակում, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագիրը:

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»: