19 դեկտեմբերի 2014 - 15:26 AMT
33,8 մլն եվրո` ՀՀ-ում և Արևելյան Եվրոպայի երկրներում ժողովրդավարության խթանման համար

Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի միջև ստորագրվել է գործակցության նոր համաձայնագիր, որով նախատեսվում է խթանել մարդու իրավունքները, օրենքի գերկայությունը և ժողովրդավարությունը Արևելյան Եվրոպայի 6 երկրում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։ Համաձայնագիրը կնքվել է Բրյուսելում` դեկտեմբերի 18-ին։

Համաձայնագրով նախատեսված 33,8 մլն եվրոն, որը կընդգրկի 2015-2017 թվականները, ֆինանսավորելու է համատեղ ծրագրերը վերոնշյալ երկրներում՝ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրով։

Այս համաձայնագիրը կազմում է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի միջև 2014-ի ապրիլին համաձայնեցված համագործակցության ռազմավարական ծրագրի մի մասը։

Եվրոպայի խորհրդի հաղորդագրության մեջ ասվում է, որ ֆինանսավորման զգալի աճն արտացոլում է այն դրական արդյունքները, որ ձեռք են բերվել վերջին տարիներին այսպիսի ծրագրերի միջոցով։

Նոյեմբերի 3-ին՝ նոր պաշտոնում առաջին աշխատանքային օրը, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Բրյուսելում հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին:Եվրահանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն ու Հայաստանը կշարունակեն գործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, հիմնվելով ընդհանուր արժեքների վրա:

«Մենք սատարում ենք երկրի արդիականացման ջանքերին և կշարունակենք խրախուսել Հայաստանին անհրաժեշտ բարեփոխումները»,- ասել է Հանը:

Կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ սկսելով 140-170 մլն եվրո արժողությամբ ռազմավարական աջակցության ծրագիրը 2014-2017 թթ. համար: Գերակա ուղղություններ են համարվում պետական կառավարումը, մասնավոր հատվածը և արդարադատության համակարգը: Զուգահեռաբար աջակցություն կցուցաբերվի քաղաքացիական հասարակությանն ու հասարակական ինստիտուտների արդիականացմանը:

Հանձնակատարը հայտարարեց 2014 թ. առաջին փաթեթի տրամադրման մասին՝ 19 մլն եվրո կհատկացվի Հայաստանում մարդու իրավունքների և փոքր բիզնեսի պաշտպանության համար: Աջակցությունը տրամադրվում է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում:

«Աջակցությունը բիզնեսին ու նորարարական սթարթափերին երկարաժամկետ հեռանկարում նոր աշխատատեղեր կբացի, կբարձրացնի մրցունակությունն ու մասնավոր հատվածի ընդհանուր առաջընթացը Հայաստանում»,-ասվում է հաղորդագրության մեջ:Կողմերը նաև համաձայնագիր են ստորագրել 25 մլն եվրո արժողությամբ գյուղատնտեսական ոլորտի զարգացման ծրագրի ֆրնանսավորման համար: